fbpx
Աշխարհ

Մակրոնը պաշտպանել է մուսուլմաններին վիրավորած աշակերտուհուն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Միլա անունով աշակերտուհուն: Վերջինս իսլամի վերաբերյալ մուսուլմանների համար վիրավորական սուր քննադատության պատճառով մահվան սպառնալիքներ է ստացել ու ստիպված եղել դուրս գալ դպրոցից:

The Guardian-ը գրում է, որ Ֆրանսիայի նախագահը պաշտպանել է աշակերտուհուն՝ հայտարարելով, որ «աստվածանարգությունը հանցանք չէ»:

Պարբերականի փոխանցմամբ՝ Մակրոնը հարցին միջամտել է այն ժամանակ, երբ երկրի արդարադատության նախարարին քննադատել են այն հայտարարության համար, ըստ որի՝ «Միլայի կողմից կրոնի նկատմամբ հարձակումը գիտակցության ազատության դեմ հարձակում է»: Նախարարն իր հերթին ասել էր, որ մահվան սպառնալիքներ ուղարկելն անընդունելի երևույթ է:

Այս դեպքը լայն արձագանք է ստացել Ֆրանսիայում՝ հանրությունը բաժանելով երկու ճամբարի:

«Այս բանավեճում մենք անտեսել ենք այն փաստը, որ Միլան դեռահաս է, որին մենք պարտավոր ենք պաշտպանել դպրոցում, առօրյայում»,-ասել է Մակրոնը՝ հավելելով, որ պետությունը Միլայի համար նոր դպրոց է գտել:

Երկրի նախագահի համոզմամբ՝ երեխաներին պետք է պաշտպանել առցանց հարթակում ատելության և վիրավորանքի բոլոր դրսևորումներից, և այդ անհրաժեշտությունը կապ չունի կրոնի քննադատության հետ:

«Կա հստակ օրենք. մենք իրավունք ունենք աստվածանարգել, քննադատել, կրոնների վերաբերյալ ծաղրանկարներ ստեղծել: Պետական կարգը բարոյական կարգ չէ, մինչդեռ ատելության սերմանումն ու արժանապատվության դեմ հարձակումը հակասում են օրենքին»,-ընդգծել է Մակրոնը:

Պարբերականը մանրամասնում է, որ Լիոնի 16-ամյա բնակչուհի Միլան Instagram-ի իր էջում խոստովանել էր, որ լեսբուհի է, ինչից հետո նրա մուսուլման հետևորդներից մեկն աղջկան «կեղտոտ պոռնիկ» ու «կեղտոտ լեսբուհի» էր անվանել: Դրան ի պատասխան՝ Միլան իսլամը քննադատող տեսանյութ էր հրապարակել: Դրանից բարկացած օգտատերերը Միլային մահվան սպառնալիքներ են ուղարկել, նրա անձնական տվյալները տարածել համացանցում, հայտնել, թե աղջիկը որ դպրոցում է սովորում: Ավելի ուշ աղջիկը հայտնվել է հեռուստաեթերում՝ հայտարարելով, որ աստվածանարգությամբ զբաղվելու իրավունք ունի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ