fbpx
Խորհրդարան

Մակունցը խոսել է արտահերթ ընտրությունից հրաժարվելու մասին

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասաց՝ պետք է արձանագրել, որ խորհրդարանական ընդդիմության կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը դրական արձագանք չի ստացել։

«Մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները և ամփոփելիս նոր կանդրադառնանք արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը»,- ասաց Մակունցը։

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ իշխող ուժը վախեցել է ընտրություններից, և հետ է կանգնում այդ մտքից, «Իմ քայլի» ղեկավարն ասաց, որ իրենց հայտարարությունները վախի կոնտեքստում չեն եղել։

«Որովհետև հենց մեր կողմից է հնչել արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը, հետևաբար, եթե կան ուժեր, որոնք ընկրկում են արտահերթ ընտրություններին, ապա պետք է իրենց ուղղել այդ հարցը»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Լրագրողի հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ հարցումներ են արվել և դրանց արդյունքում է իշխող ուժը որոշել` չգնալ ընտրությունների, Լիլիթ Մակունցն ասաց. «Տարբեր փուլերում սոցիոլոգիական տարբեր հարցումներ լինում են, ընդ որում՝ շատ տարբեր կազմակերպությունների կողմից, որոնք վստահ եմ, որ ուղարկում են իրենց հարցումները ոչ միայն մեզ, այլև ընդդիմությանը։ Չեմ ուզում կրկնվել, ես ասացի, թե ինչն է նման որոշման հիմք հանդիսացել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ