Ապրիլի 29-ին ՄԱԿ-ը, միջազգային գործակալությունները և փորձագետները հրապարակել են հեղափոխական զեկույց, որով պահանջվում է անհապաղ, համակարգված ու համարձակ գործակալություններ ձեռնարկել՝ կանխելու դեղերի նկատմամբ կայունության (ռեզիստենտության) ճգնաժամը, որը կարող է ունենալ աղետալի հետևանքներ։
ՄԱԿ-ի Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով միջգործակալական համակարգման ժամանակավոր խումբը (ՄԳՀԽ), որը պատրաստել է նշված զեկույցը, զգուշացնում է, որ եթե որեւէ գործողություն չձեռնարկվի, ապա դեղամիջոցների նկատմամբ կայուն հիվանդությունները մինչև 2050 թվականը ամեն տարի կարող են պատճառ դառնալ 10 միլիոն մահվան դեպքերի և տնտեսությանը հասցնել նույնքան աղետալի վնաս, որքան 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամը։ Մինչև 2030 թվականը հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը կարող է պատճառ դառնալ, որ մինչև 24 միլիոն մարդ հայտնվի ծայրահեղ աղքատության մեջ։
Ներկայում առնվազն 700,000 մարդ ամեն տարի մահանում է դեղերի նկատմամբ կայուն հիվանդություններից, այդ թվում՝ 230,000 մարդ մահանում է բազմադեղակայուն տուբերկուլոզից։ Ավելի ու ավելի շատ հիվանդություններ, ներառյալ՝ շնչառական ուղիների վարակիչ հիվանդությունները, սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունները և միզուղիների ինֆեկցիաները, անբուժելի են։ Կյանք փրկող բժշկական պրոցեդուրաները դառնում են շատ ավելի ռիսկային, իսկ մեր պարենային համակարգերը՝ էլ ավելի անվստահելի։
Աշխարհն արդեն իսկ զգում է տնտեսական և առողջական հետևանքները, քանի որ կարևորագույն դեղամիջոցները դառնում են անարդյունավետ։ Առանց բոլոր եկամտային կատեգորիաներում գտնվող երկրների կողմից ներդրումների՝ ապագա սերունդները բախվելու են հակամանրէային դեղերի նկատմամբ անվերահսկելի կայունության աղետալի ազդեցություններին։
Ընդունելով, որ մարդու, կենդանիների, սննդամթերքի ու շրջակա միջավայրի առողջ լինելը սերտորեն փոխկապակցված են, զեկույցը համակարգված ու բազմոլորտ մոտեցման կոչ է անում։
