fbpx
Իրավական

Մամուլի ասուլիս ոստիկանությունում

Հունվարի 30-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս:

Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանն ու հասարականության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը ներկայացրին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նշվեց, որ 2018 թվականին, չնայած ներքաղաքական գործընթացներով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգին, ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում իրականացված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է հանրապետության օպերատիվ իրավիճակը:

Տարին հագեցած էր մի շարք համապետական նշանակություն ունեցող միջոցառումներով, ինչպիսիք էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես և ՀՀ ԱԺ արտահերթ, Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց պատշաճ կազմակերպումն ու անցկացումը պայմանավորված էր նաև ոստիկանության մեծաքանակ ծառայողների և միջոցների ներգրավվածությամբ:

2018 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 11, 2%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության դեմ ուղղված և առավել լատենտային համարվող՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի աճով, նաև այն հանգամանքով, որ բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն (մասնավորապես, եթե 2017թվականին ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 32.321 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2018թ. դրանց թիվն աճել է 28,3%-ով՝ կազմելով 41.466):

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում նվազել է մարդու, հասարակական կարգի ու անվտանգության, բնակչության առողջության, պետական իշխանության, ծառայության ու կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը: Աճել է սեփականության և որոշակիորեն նաև՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինը:

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 36,6%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է լատենտային համարվող՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման և կաշառքի դեպքերի թվի աճով:
Ծանր հանցագործությունների թվի աճը առավելապես պայմանավորված է բնակարանային գողությունների թվի աճով:
Փոխարենը՝ նվազում է արձանագրվել հիմնական հանցատեսակների գծով. 28,6%-ով նվազել է սպանության, 8,1%-ով՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 17,6%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, 23,9%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակության դեպքերի թիվը:

Միևնույն ժամանակ, 10,4%-ով նվազել է խմբերի, ինչպես և անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը. 2018թ. հանցագործություն է կատարել 324 անչափահաս, 2017թ. 341-ի դիմաց:

Իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման աշխատանքներում աննախադեպ աճ է գրանցվել. եթե 2017թ. արձանագրվել էր կոռուպցիոն բնույթի 634 դեպք, ապա 2018թ. դրանց թիվն աճել է մոտ 2,5 անգամ կամ 719-ով, կազմելով՝ 1353: Հայտնաբերված դեպքերից 760-ը կամ 56,2%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: Կոռուպցիոն հանցագործություններից 461-ը կաշառակերության դեպքեր են, 263-ը ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման, 137-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 165-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 75-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:

Մամուլի ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանեցին նաև լրագրողների հարցերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ