Մշակույթ

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

Այսօր մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. ծնվել է 1939 թ. Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ.Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանիդասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան:

Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների: 1967-1986 թթ. ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում: 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-1995 թթ. զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:

Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում:

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ