Մշակույթ

Մեր հազարամյա պատմության ամենալուսավոր կետը մեր պետականության ընդունումն է. մեզ բախտ վիճակվել պետություն ունենալ. Արամ Մանուկյան

aram manukyan

Աշխարհում կա 5000 ազգ, որոնցից 200-ին է բախտ վիճակվել պետություն ունենալ, այսինքն մենք այդ եզակի ժառանգներից ենք։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։

«Դա բախտ է, դա Աստծո շնորհն է, ժողովրդի կամք է, որ դու կարողացել ես պետականություն ստեղծել։ Եթե չփայփայենք այս արժեքը, չդարձնենք կուռք և ամենաբարձր արժեք, կարող է ոչ ազգություն ունենանք, ոչ քաղաքացիություն և ոչ էլ արժանապատվություն»,- Հայաստանի ազգային գրադարան կատարած այցելության ժամանակ ասաց Արամ Մանուկյանը:

Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 30 ամյակը։ Արամ Մանուկյանը այն բացառիկ անձնավորությունն է, ով 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Գերագույն խորհրդի նիստում ընթերցել է Հայաստանի անկախության հռչակագիրը։

Տոնին ընդառաջ Մանուկյանը հիշեց դժվարությամբ ձեռք բերված անկախությունը, ընդգծեց` անկախության մեծագույն ձեռքբերումը հենց անկախությունն էր։

«1998 թվականից մեր երկրում մշակութային ժառանգության արժեքների կորուստ գրանցվեց գլխիվայր։ Հայաստանի Հանրապետության հռչակումը և նման պարծենալու, հպարտանալու մարդկային արժանապատվությունը այս երկրում կորեց և կորելն ու կորցնելը քիչ էր, սկսեցին հակառակ ուղղությամբ աշխատանքներ տանել անկախության դեմ և այդ տարիները ժողովրդի մեծ մասի մոտ տպավորվեցին որպես մթի, ցրտի, անհաջողության տարիներ։ Ես մեծ հույս ունեի, որ 1919թ-ի հեղափոխությունը կմաքրի այդ աղբը, հետ կբերի այդ տարիների դժվարությամբ ձեռք բերված անկախությունը։ Չեղավ այդպես։

Անկախության տարիներն ըստ արժանվույնս չեն գովազդվում, չեն գովաբանում, դասագիրք չեն դառնում, շարադրություն չեն դառնում։ Մեր հազարամյա պատմության ամենալուսավոր կետը մեր պետականության ընդունումն է»,- նշեց Արամ Մանուկյանը։

Արամ Մանուկյանի խոսքերով, ամենամեծ կորուստը մեր մոտ հիմա մտածողության և հոգեբանության մեջ է։

Նա հպարտությամբ նշեց, որ Հայաստանի Հանրապետության մասին հռչակագիրը միակ փաստաթուղթն է եղել, որի մասին որևէ քննադատական խոսք երբևէ չի եղել։

Ի դեպ, նա Հայաստանի ազգային գրադարանին նվիրեց իր նոր հրատարակած 4 գրքերը` «Մարտի 1-ի ոճրագործությունը», ՀՀ Գերագույն խորհրդի կազմավորման և Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակին նվիրված «Անկախությունը և ազատական բարեփոխումները» հոդվածների ժողովածուի երկհատորյակը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակ» փաստաթղթերի ժողովածուն։

Գրքերը հասանելի են Հայաստանի ազգային գրադարանի «Հայ գիրք» էլեկտրոնային շտեմարանում` http://haygirk.nla.am/ :

Արմինե Հարությունյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ