Զինված Ուժեր

Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ չէր հաջողվում ապացուցել․ Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչև օրս չէր հաջողվել ապացուցել: Նա ասում է, թե պատերազմի ընթացքում զանգել է Արցախ, բանակի գեներալներին, նրանց հորդորելով իրենց ձեռքը վերցնել իշխանությունը:

Ի՞նչ փաստարկներով պիտի հիմնավորած լինի իր տեսակետը պրն Մանուկյանը, կարծում եմ պարզ է. հողերը ծախած են և այսպես շարունակ: Փաստորեն՝ նա մեր զինվորականությանը ներշնչել է, որ դեպի Հորադիզ գրոհելու իմաստ չկա, պետք է գրոհել դեպի Երևան: Ու եթե Վազգեն Մանուկյանը այս քարոզը գեներալների շրջանում տարել է, կարելի է ենթադրել, որ նույն բանը արել են նաև նրան իրենց թեկնածու կարգած ուժերը:

Մի քիչ ավելի ցածրաստիճան «17-ականները» ենթադրաբար այդ նույն քարոզը տարել են գնդապետների, փոխգնդապետների ու մայորների շրջանում, մի քիչ ավելի ցածրաստիճանները՝ կապիտանների ու լեյտենանտների շրջանում, ավելի ցածրաստիճանները՝ սերժանտների ու շարքայինների շրջանում:

Պատերազմի ընթացքում, փաստորեն, էս մարդիկ միայն մի բանով են զբաղված եղել. գեներալից մինչև շարքային մեր բանակի հաղթանակի կամքը թուլացնելու, կոտրելու գործով: Նրանք համոզված են եղել՝ իրենց թողած բանակցային ժառանգության բերումով՝ Ջեբրաիլն ու Հորադիզը պետք է թողնել և պետք է գրոհել Հայաստանի կառավարության շենքը: Իսկ որպեսզի կառավարության շենքը գրոհելու «լեգիտիմ» առիթ լինի, ռազմաճակատում պետք է լինեին հնարավորինս շատ անհաջողություններ, իսկ սրա համար պետք էր կասկած սերմանել հայոց բանակի զինվորների, սպաների, գեներալների շրջանում, թուլացնել ու կոտրել կռվելու ու հաղթելու նրանց կամքը:

Իսկ այդ նույն ժամանակ Երևանում ձևավորվում էին կառավարության ու Ազգային ժողովի շենքը գրոհելուն պատրաստ «մարտունակ» ջոկատներ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ