fbpx
Մարզեր

Մաքենիսում գիշերային լուսավորվածությամբ է ապահովվել ողջ գյուղը

Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղն իր ողջ պատմության մեջ առաջին անգամ ապահովվել է գիշերային լուսավորվածության ցանցով, ընդ որում՝ ամբողջությամբ ընդգրկելով բոլոր թաղամասերը:

Ինչպես տեղեկացրեց Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանը, գիշերային լուսավորվածության ցանցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, որի ընթացքում լույսերի միացման պատիվը վերապահվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանին:

Լուսավորվածության ցանցը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի հուլիսի 23-ից և ավարտվել մեկ շաբաթվա ընթացքում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 10 միլիոն 730 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մաքենիսի համայնքապետարանը:

Լուսավորվածության ցանցը կառուցվել է 2300 մետր երկարությամբ և 86 լուսատուներով՝ գյուղի կենտրոնական եւ երկրորդական բոլոր փողոցներով մեկ: «Մաքենիսն իր ողջ պատմության ընթացքում նույնիսկ մեկ թաղամասում լուսավորվածություն չէր ունեցել, իսկ այժմ լուսավորված է ամբողջությամբ: Սա մեր բնակիչների համար հրաշքի նման մի բան է: Սուբվենցիոն երկրորդ ծրագիրը մեր համայնքում իրականացնելու ենք օգոստոսին, որի շրջանակներում ձեռնարկելու ենք գյուղի հանդիսությունների սրահի հիմնումը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ