fbpx
Աշխարհ

Վրաստանում հրատեխնիկայից 25 մարդ է տուժել

Վրաստանում հրատեխնիկայի օգտագործման հետևանքով մինչև այժմ տուժածների թիվը կազմում է 25 մարդ, հայտնել է Թբիլիսիի այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն։

Բժշկի խոսքով՝ նրանց մեջ, բարեբախտաբար, ծանր դեպքեր չեն եղել։ Քաշիբաձեն ևս մեկ անգամ նախազգուշացնում է բնակչությանը և ընդգծում հրատեխնիկա օգտագործելիս զգուշությունը պահպանելու կարևորությունը։

«Ցանկանում եմ բնակչությանը նախազգուշացնել, որ դա խաղալիք չէ, և դրանով չի կարելի զվարճանալ։ Նույնիսկ եթե խստորեն հետևեք հրահանգներին, ապա, միևնույնն է, հրատեխնիկայի օգտագործումը շատ վտանգավոր է։ Ամենափոքր սխալի դեպքում կարելի է բավականին լուրջ վնասվածք ստանալ»,-հայտարարել է Քաշիբաձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերով։

Ճայթրուկները և հրատեխնիկայի մյուս տեսակները Վրաստանում Ամանորի տոնակատարության անբաժանելի մասն են, սակայն դրանց օգտագործումը հաճախ հանգեցնում է վնասվածքների և այրվածքների։

Ամանորի օրերին աճում է բուժհաստատություններ դիմողների թիվը։ Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը հանրապետության բնակիչներին բազմիցս հորդորել է զգույշ լինել և խորհուրդ է տալիս մարդաշատ վայրերում և փակ տարածքներում հրատեխնիկա չօգտագործել։

Անչափահասներին հրատեխնիկայի վաճառքը Վրաստանում արգելված է 2019 թվականից։ Ընդ որում, այս տարի Վրաստանը 5,5 մլն դոլար արժողությամբ 712 տոննա հրավառ նյութեր, բենգալյան կրակ և հրատեխնիկական այլ ապրանքներ Է գնել։ Այս գումարը ռեկորդային է բոլոր տարիների կտրվածքով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ