fbpx
Խորհրդարան
13:10 03/03/2020

Մարդիկ եկան, 2 շաբաթ պետք է առանձացնեին. դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան. Ծառուկյանը՝ կորոնավիրուսի մասին

Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, սեփականատերերին և դեղատներին, որ անպայման ապահովեն անհրաժեշտ բուժման միջոցների և դիմակների հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ նոր կորոնավիրուսի դեմ Կառավարության պայքարի մեթոդները շատ վատ է գնահատում:

«Մեկ ամիս հետո եկել, չոքել է մեր դուռը նայում ես՝ «մասկաներ» չկան, դեղորայք չկա»,-հավելեց նա:

Հարցին՝ ցանկացել է դիմակ գնել, սակայն չի՞ գտել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը դրա կարիքը չունի, բարի մարդկանց էդ հիվանդություններից չի կպնում:

«Բայց եթե բարի առաջարկներ են լինում, մարդիկ պետք է բարի լինեն այդ առաջարկները լսել, կատարել, ոչ թե արդարանան․ արդարանում են միայն թույլ մարդիկ»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Իրանից եկած մեր հայրենակիցներին պետք էր ժամանելուն պես առանձնացնեին՝ հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը 2 շաբաթ է:

«Մարդիկ եկան, 2 շաբաթ պետք է առանձացնեին, դիագնոզը հասկանային, չէ՞ որ եկողը մայր է, հայր է, գնում է տուն, որտեղ փոքր երեխաներ կան, ծնող կա … դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան … Այդ անհրաժեշտ բաները պետք է արվեն»,-նշեց նա։

Գագիկ Ծառուկյանը նաև ասաց, որ վատ է վերաբերվում այն հանգամանքին, որ Իրանից եկած քաղաքացիներին մեկուսացրել են Ծաղկաձորում:

«Ամբողջ Ծաղկաձորը դատարկ է, մարդիկ Ռուսաստանից հյուրանոցներ էին ամրագրել, տոմսեր էին գնել, նույն պահին, երբ հայտարարել են, թե տանում են Ծաղկաձոր, վերադարձրել են ամեն ինչ, հիմա ամբողջը դատարկ է․ հյուրանոցները լրիվ դատարկ են»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ վարչապետն ասել է, որ այդ ամենը ուռճացվել է, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Հիմա պե՞տք է մեքենա տամ ձեզ, նստեք բոլորդ ու գնացեք, կտեսնեք, որ ամեն տեղ դատարկ է, մարդ չկա Ծաղկաձորում»:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ