fbpx
Էկո
20:00 09/03/2020

Մարդիկ թունավորվում են, այդ տարածքը «Չեռնոբիլի» է վերածվել․ Նաիրա Զոհրաբյան

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հյուրընկալվել էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ներկայացնելու մի շարք հանքավայրերում բնապահպանական իրավիճակը:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վերջերս իրեն ահազանգել են Արծվանիկի պոչամբարի առնչությամբ. «Թունավոր թափոնների առումով այն ամենավտանգավորներից է՝ մկնդեղ, ծծումբ, ցինկ, մոլիբդեն, պղինձ: Որքան տեղյակ եմ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 40 հազար ընտանիքի փոխհատուցում է տալիս: Դա համարում եմ սոցիալական փոխհատուցում, բայց տարածքում հողերը բացարձակապես բերրի չեն: Ժամանակին ընկույզի ծառեր կային, հիմա մարդիկ ուղղակի թունավորվում են: Ինձ ասացին, որ տևական ժամանակ է՝ առողջական խնդիրներ կան, երեխաներն արդեն լուրջ խնդիրներով են ծնվում: Լավ, ասենք, որ կոմբինատը տուգանքներ է վճարելու, դրանով մարդկանց առողջությունը վերականգնելո՞ւ եք: Այդ հողերը «Չեռնոբիլի» են վերածվել: Սա կասեցնելու մեխանիզմ կա՞: Տուգանքից գյուղացին ի՞նչ շահի»:

Էրիկ Գրիգորյանն ի պատասխան նախ նկատեց՝ նախկինում պետական մոտեցումն այնպիսին էր, որ հանքարդյունաբերողը որքան շատ էր վճարում տուգանք, այնքան ավելի շատ էր ընդերքն օգտագործում և աղտոտում. «Ջրի կամ օդի աղտոտման համար վճարվող գումարները շատ փոքր են: Մենք փոխում ենք օրենսդրությունը, և խոսքն այն մասին չէ, թե ինչքան տուգանք են վճարելու: Խոսքը կանխարգելման և վերականգնման մասին է: Կոմբինատը 2008թ.-ին 12,5 միլիոն տոննա հանքաքար մշակելու համար արդեն ստացել էր այդ հողերը, որոնք ճանաչվել էին հանրային գերակա շահ, փոխհատուցումներ էին տրվել: Կոմբինատը դիմել է մեզ՝ Արծվանիկի պոչամբարի ծավալների լրացուցիչ մեծացման համար: Մերժել ենք: Նախկինում կոմբինատին անտառային հողեր էին տրվել, բայց կարգը չէր պահպանվել: Անտառներին չառնչվող աշխատանք անելու դեպքում վնասը կրկնակի պետք է վերականգնվի: Հիմա 35 հեկտար անտառային տարածքի համար կոմբինատը պարտավորություն ունի: Քննարկել ենք, թե որտեղ պետք է տնկվի 70 հեկտար անտառ»:

Էրիկ Գրիգորյանը նաև հայտնեց, որ Ողջի գետի աղտոտման առնչությամբ քրեական գործ է հարուցվել. «Ձեր հարցը, տիկին Զոհրաբյան, այն մասին է, ինչով մենք հիմա զբաղված ենք: Մեր խնդիրն այն մասին չէ, որ ջուրն աղտոտելու համար օգտագործողը մեծ գումար վճարի, այլ այն մասին, որ նման բան չլինի: Օրենսդրությունը մեր համար խոչընդոտներ է սամանում»:

Գրում է Aravot-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ