fbpx
Քաղաքականություն

Մարտի 10-ից կմեկնարկի քարոզչական մեկ այլ խմբի շրջայց․ Սուրեն Պապիկյան

Ես կարծում եմ, որ կա ձևավորված ընդհատակյա «Ոչ»-ի շտաբ։  Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Այո»–ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:

«Բոյկոտը շատ ավելի վատն է, և բոյկոտի հեղինակները, ջատագովները շատ ավելի մեծ վնաս են հասցնում մեր քաղաքացուն, մեր քաղաքացու գիտակցությանը և քարոզարշավի ընթացքում ես պատրաստվում եմ մշտապես անդրադառնալ մեր շատ սիրելի այդ գործիչներին»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ քարոզարշավին կունենան 10 հատ ֆորդ կամ սպրինտեր, որոնք պատված կլինեն «ԱՅՈ» լոգոյով և քարոզչական խումբը մարզերում գյուղից գյուղ կայցելի, կշփվի մարդկանց հետ, զրույց կունենա, կբացատրի սահմանադրական փոփոխությունների կարևորությունը:

«Երկրորդ փուլում՝ մարտի 10-ից կմեկնարկի քարոզչական մեկ այլ խմբի շրջայց, հիմա չեմ բացահայտի, թե ովքեր կլինեն այդ խմբի մեջ, բայց ասեմ, որ բեմ-մեքենաներով կլինենք ՀՀ բոլոր քաղաքներում, կլինեն հանրահավաքներ»,-ասաց նա։

Պապիկյանը հայտնեց նաև, որ քարոզարշավի մեկնարկը լինելու է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից, վարչապետը լինելու է բոլոր քաղաքներում, առնվազն չորս օր նվիրելու են Երևանում: Նա տեղեկացրեց, որ քարոզարշավի հիմնական ժամանակահատվածում վարչապետը կլինի արձակուրդում և կմասնակցի:

Ինչ վերաբերում է այլ քաղաքական միավորների գործունեությամբ իրենց քայլերը պայմանավորելուն, Սուրեն Պապիկյանն ասաց, որ իրենք սովոր չեն, որ իրենց օրակարգ թելադրեն, և իրենք իրենց օրակարգը ունեն: Հարցին, թե կան լրատվամիջոցներ, որոնց հետ որոշում կա չաշխատել, նա նշեց, որ «Քաղաքական որոշում, որ որևէ լրատվականին հարցազրույց չենք տալիս, նման բան չկա, բայց կարող են պատճառներ լինել, որ գործիչը չցանկանա որևէ մեկի հետ շփվել, քանի որ հարցերը հստակ մանիպուլյատիվ են և հստակ նպատակ են հետապնդում:

Անդրադառնալով «Մարտի 1»-ին նախատեսված երթին՝ նա կոչ արեց երթը չկապել այս քարոզարշավի հետ:

Ինչ վերաբերում է անձնական տեղեկությունը հրապարակելուն և այնուհետև դրանից հետո իր՝ ուղիղ եթերում հնչեցրած ակնարկներին, Սուրեն Պապիկյանն ասաց. «Ես ասել եմ այն, ինչ պետք է ասեի, թե ով ինչ ակնարկ է տեսնում դրա տակ, դա իր խնդիրն է, ես որևէ անձի չեմ նշել, դա իրավապահների պարզելու խնդիր է և նրանք թող պարզեն: Ես ասել, եմ, որ որևէ խնդիր չունեմ ո՛չ լրագրողի, ո՛չ էլ լրատվամիջոցի հետ, իմ խնդիրը ՀՀ պետական պաշտոնյայի մասին գաղտնի տեղեկությունը դուրս հանողի հետ է, Հայաստանում այլևս չպետք է լինի նման դեպք»:

Նա նշեց, որ երկու օր առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, և ենթադրում է, որ տուժողի կարգավիճակ ունի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ