fbpx
Իրավական

Մարտի 8. պատմական ակնարկ

Դեռևս հին աշխարհում, շատ հասարակություններում կարևորվում էր կանանց դերը և նրանց ձոնված տարբեր տոներ և ծիսական կարգեր կային…
Մարտի 8-ը, նոր դարաշրջանում կանանց նվիրված ամենահայտնի օրն է թերևս։
Պաշտոնապես այն կոչվում է՝ Կանանց միջազգային օր (IWD)։

Չնայած նրան, որ շատերն այս օրն հիմնականում ասոցացնում են քաղաքական, հասարակական գործիչ՝ Կլարա Ցետկինի անվան հետ, սակայն այն ունի նախապատմություն։
1857-ի մարտի 8-ին , գործադուլ հայտարարեցին և Նյու Յորքի փողոցներ դուրս եկան տեքստիլ ֆաբրիկաների հազարավոր աշխատակցուհիներ։ «Դատարկ կաթսաների շքերթը», ահա այսպիսի անվամբ մնաց պատմության մեջ երթը, որի մասնակիցները դժգոհում էին աշխատանքային անբավարար, անհավասար պայմաններից, ցածր աշխատավարձերից և պահանջում կանանց և տղամարդկանց իրավահավասարություն։

Տասնամյակներ անց, 1910 թվականի օգոստոսին Կոպենհագենում կայացած Կանանց միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր-անդամ, կանանց իրավունքների համար ակտիվ պայքարող Կլարա Ցետկինը, վերհիշելով նյույորքյան իրադարձությունները, կոչ արեց  սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավահավասարության պայքարում մարտի 8-ը հայտարարել որպես կանանց համերաշխության միջազգային օր:


Կլարա Ցետկինը և Ռոզա Լյուքսեմբուրգը

 Այնուհետ, 1911 թվականին, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ելենա Գրինբերգի առաջարկով, մարտի 19-ը առաջին անգամ որպես Կանանց միջազգային օր նշվեց Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում և Շվեյցարիայում։ Երեք տարի անց որոշում կայացվեց այն նշել Մարտի 8-ին: Մարտի 8-ը օրինական կարավիճակ ձեռք բերեց, երբ Եվրոպայում սոցիալ-դեմոկրատական ուժերը կառավարություն ձեւավորելու հնարավորություն ստացան:

Ավելի ուշ, 1977-ին  Միացյալ ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը որպես տոնական օր ամրագրեց և այն հռչակվեց՝ որպես կանանց միջազգային օր:
1966-ից սկսած ԽՍՀՄ-ում, որի կազմում էր նաև Խորհրդային Հայաստանը, մարտի 8-ը պաշտոնապես հռչակվեց ոչ աշխատանքային և տոնական օր:
Անկախության հռչակումից հետո՝ 1996 թվականին մարտի 8-ը հանվեց Հայաստանի պետական տոնացույցից և փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց որպես Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետ՝ 2001 թվականին ընդունված տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենքով, մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

Մարտի 8-ը պաշտոնապես նշվում է աշխարհի շատ երկրներում։

Հ.Գ. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը՝ ժողովրդավարության հիմնարար և անբաժան մասնիկն է և առողջ հասարակության հիմնասյուներից։
Azat TV մեդիանախաձեռնությունը շնորհավորում է բոլոր կանանց օրվա կապակցությամբ։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ