fbpx
Քաղաքականություն

Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, ըստ որի՝ Պրահայի և Սոչիի հանդիպումներում չի հստակեցվել, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան:

«Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն մի հարցի շուրջ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի՞, թե՞ ոչ, քանի որ նրանք 2021 թ. մայիսի 12-ի և 2022 թ. սեպտեմբերի 13-ի Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիաների և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի ժամանակ պնդել են, որ սահմանը դելիմիտացված չէ, և չկա սահման, իսկ հիմա ինչպե՞ս են պնդում, որ ադրբեջանական տարածքներ կան, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։ Նման պնդում անելով՝ ադրբեջանական կողմն ընդունում է, որ գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահման։ Պետական սահմանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է և բխում է միջազգային իրավունքից. այն է՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահման գոյություն ունի, Ալմա Աթայի հռչակագրի և դրան կից արձանագրությունների հիման վրա այս սահմանի ճանաչումը կողմերը վերահաստատել են 2022 թ. հոկտեմբերի 7-ի Պրահայի քառակողմ հանդիպման և 2022 թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ»,- ասել է Մարուքյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցերին:

Դեսպանի խոսքով՝ արձանագրելով պետական սահմանի առկայությունը՝ հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է, որ Հայաստանի Տավուշի մարզի մի շարք գյուղերի՝ Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը և ջրամբարի մեծ հատվածը, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերի վարելահողերը ևս 90-ականներից մինչև հիմա օկուպացված են Ադրբեջանի կողմից։

«Հայաստանը հետևողական է լինելու, որ նշված տարածքները նույնպես վերադարձվեն»,- նշել է Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պարբերաբար բարձրացվող քարտեզների հարցին, թե իբրև հայտարարություններում խոսք չկա հստակ քարտեզների մասին, և իբրև հստակ չէ, թե ի՛նչ քարտեզներով պետք է սահմանազատումն իրականացվի, ապա այստեղ էլ ադրբեջանական կողմը ինքն իրեն հակասում է: «Ալմա Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով միմյանց սահմանները փոխադարձ ճանաչելով՝ Ադրբեջանն այլևս փակել է քարտեզների շահարկման թեման, քանի որ հստակ է, որ խոսքը Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանների մասին է։

Հետևաբար այստեղ ևս հնարավոր չէ մի դեպքում պնդել, որ, այո՛, ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով, սակայն հետո շարունակել պատմական քարտեզների մասին անորոշ խոսույթը»,- պատասխանել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ դիրքորոշում է որդեգրել Հայաստանը, Մարուքյանն ընդգծել է՝ հայկական կողմը բազմիցս պաշտոնապես արձագանքել է և առաջարկել այնպես անել, որ ամբողջ սահմանի երկայնքով օկուպացված տարածքներ չլինեն, ինչպես նաև սահմանի երկայնքով հայելային հետքաշման և ապառազմականացված գոտի ստեղծելու լուծումներ առաջարկել, սակայն այդ լուծումներին ի պատասխան՝ նախ ադրբեջանական կողմը իր զորքերը չի վերադարձրել մինչև 2021 թ. մայիսի 12-ի դրությամբ տեղակայման վայրեր, և հետո՝ արհամարհելով սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովների ընթացող աշխատանքը, սեպտեմբերի 13-ին սանձազերծել է նոր ագրեսիա, որի հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքից նոր տարածքներ են օկուպացվել:

«Պետք է շեշտեմ, որ հիմնարար հարցն այստեղ հետևյալն է, որ Ադրբեջանը չի կարող պնդել, որ հստակ սահման ունենք բոլոր այն դեպքերում, երբ փորձ է արվում ներկայացնել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքների պատմություն, իսկ Հայաստանի դեմ պատերազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծելիս և տարածքներ օկուպացնելիս՝ պնդել հակառակը, որ սահման չկա և այն ենթակա է սահմանազատման։

Հայաստանի կողմից ներկայացված բոլոր առաջարկներն ուժի մեջ են, և Ադրբեջանի քաղաքական կամքի առկայության պարագայում, առաջնորդվելով Ալմա Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով, Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանների հիմքով, պետք է առաջ շարժվել և արագ սահմանազատել փոխադարձ ճանաչված պետական սահմանները, որն իր դրական ազդեցությունը կունենա խաղաղության պայմանագրի ստորագրմանն ընդառաջ»,- նշել է Մարուքյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ