fbpx
Առողջապահություն

Մարզերը կապահովվեն երիտասարդ բժիշկներով

Հայաստանի մարզերում երիտասարդ բժիշկների, հատկապես նեղ մասնագետների պակաս կա, բազմաթիվ հաստիքներ թափուր են մնում, ինչը լրջորեն ազդում է մատուցվող բժշկական ծառայություների որակի վրա: Այս մասին այսօր խոսել են ԱԺ բժշկական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Առողջապահության նախարարությունը նախատեսում է Երևանի բուժհաստատությունների բժիշկներին ժամանակավորապես ուղարկել մարզային հիվանդանոցներ: Առողջապահության փոխնախարարները տեղեկացրին, որ մարզերի բժշկական հաստատություններում մոտավորապես 200 թափուր աշխատատեղ կա: Թափուր են անեսթեզիոլոգների, ռեանիմատոլոգների հաստիքները:

«Մենք այդ տեղեկությունն օգտագործում ենք, որպեսզի պլանավորենք կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերի հատկացումը: Կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերը, որոնք հատկացվում են առողջապահության նախարարությանը, բավականին ավելացել են, նախորդ տարի ունեցել ենք 49 տեղ, սակայն դա բավարար չէ, որ մեր մարզային բոլոր թափուր տեղերը լրացնենք: Այդ օրդինատորները պայմանագրեր են կնքում նախարարության հետ` ավարտելով ուղեգրվում են այն մարզը, որտեղ առկա է այդ մասնագիտության թափուր տեղը և հինգ տարի աշխատում են այնտեղ»,- ասել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Նա նաև ասել է, որ ևս մեկ ծրագիր ունեն, որով Երևանի բժշկական հաստատություններում աշխատող բժիշկներին մինչև երեք ամսով ուղեգրելու են թափուր տեղեր:

Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանն էլ նկատել է, որ այդ նպատակով Երևանի որոշ բժշկական կազմակերպությունների միջև կնքվելու է քառակողմ պայմանագիր, որով տվյալ բժիշկ-մասնագետն ուղեգրվելու է մարզային բժշկական կազմակերպություն՝ աշխատանքի:

«Նշված ժամանակում պահպանվում է ինչպես հիմնական աշխատանքի վայրում տրվող աշխատավարձը, այնպես էլ բժիշկը լրացուցիչ աշխատավարձ է ստանում նաև մարզային կազմակերպություններում, փոխհատուցվում է նաև գիշերակացը»,- ասել է փոխնախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ