Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում բացվել է սպորտային բաժանմունք․ մարզիկները կստանան անվճար բուժօգնություն-Azat TV
Հասարակություն
17:49 18/06/2021

Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում բացվել է սպորտային բաժանմունք․ մարզիկները կստանան անվճար բուժօգնություն

Այսուհետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում կգործի սպորտային բժշկության ծառայությունների առանձնացված բաժանմունք՝ նախատեսված բոլոր մարզաձևերի ՀՀ պատանեկան, երիտասարդական և ազգային հավաքականների ներկայացուցիչների համար: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Այսօր տեղի է ունեցել բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը, մարզաշխարհի և առողջապահության համակարգի ներկայացուցիչներ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանի ուղեկցությամբ ներկաները շրջել են ամբողջովին վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած բաժանմունքում, ծանոթացել պայմաններին: Բժշկական կենտրոնի նորաբաց ծառայությունը ներառում է ֆիզիկական վիճակի գնահատում` հիվանդությունների և վնասվածքների ախտորոշում, ինչպես նաև շարունակական հսկողության ապահովում` նեղ մասնագիտական խորհրդատվությամբ և լաբորատոր գործիքային հետազոտությունների իրականացմամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդգծել է սպորտային բժշկության բաժանմունք ունենալու կարևորությունը:

«Վստահ եմ, որ նախարարությունների համակարգված աշխատանքի, բաժանմունքում մատուցվող ծառայությունների շնորհիվ մեր մարզիկները կլինեն առավել տոկուն և առողջ: Այս բաժանմունքի բացումը ցույց է տալիս պետության՝ սպորտի, առողջ ապրելակերպի նկատմամբ վերաբերմունքը: Կարծում եմ՝ մարզիկներն էլ այս փաստից ավելի կոգևորվեն և որպես արդյունք կգրանցեն նոր հաղթանակներ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը և ՀՀ առողջապահության համակարգի գործընկերներին շնորհակալություն հայտնել համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ սպորտը՝ որպես կենսակերպի կարևոր հատված, պետք է առավել արժևորվի. «Մեր երկու գերատեսչությունների համակարգման մեխանիզմներով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի առողջ ապրելակերպի քարոզն ու մշակույթը մեր հասարակության մեջ ամրապնդվեն: Սպորտը, սպորտի հանրայնացումը՝ որպես մեր կենսակերպի կարևոր հատվածներ, պետք է առավել արժևորվեն: Այդ գործընթացն առանց որակյալ պայմանների ու ծառայությունների, իհարկե, դժվար է պատկերացնել: Մեր թիմի կողմից ողջունում եմ բոլոր մարզիկներին ու հույս հայտնում, որ այն խնդիրները, որոնք, ցավոք սրտի, անխուսափելի են սպորտում, հեշտությամբ կհաղթահարվեն, և մենք` որպես երկիր, լավագույն ցուցանիշներ կարձանագրենք»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահություն է հայտնել, որ նորաբաց բաժանմունքը կնպաստի մարզիկների՝ վնասվածքներից արագ վերականգնմանը. «Իհարկե, ցանկանում ենք, որ բոլոր մարզիկներն առողջ լինեն, սակայն պրոֆեսիոնալ սպորտում վնասվածքները, առողջական խնդիրներն անխուսափելի են, ուստի նման կենտրոն ունենալն անհրաժեշտություն է: Այստեղ ՀՀ հավաքականների բոլոր ներկայացուցիչները կստանան անվճար բժշկական օգնություն, բարձր մակարդակով կկազմակերպվեն բոլոր բուժումները, կարվի առավելագույնը մարզիկների՝ հնարավորինս արագ վերականգնման համար։ Վիրահատական միջամտությունների անհրաժեշտության դեպքում կտրամադրվի ուղեգիր, որով կկատարվեն անվճար վիրահատություններ համապատասխան բուժհաստատություններում»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է, որ կիրականացվեն աշխատանքներ նմանատիպ այլ կենտրոններ բացելու ուղղությամբ. «Բնականաբար, միայն այս բաժանմունքը չի կարող սպասարկել հանրապետության բոլոր մարզիկներին, ուստի կանենք ամեն հնարավորը նմանօրինակ կենտրոնների թիվն ավելացնելու համար. մարզահամալիրներ, մարզադպրոցներ կառուցելիս դրանք անպայման կհամալրենք բժշկական բաժանմունքներով»:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, ով բաժանմունքի առաջին բուժառուներից է, ևս համոզմունք է հայտնել, որ կենտրոնը կնպաստի մեդալների թվի աճին. «Սպորտում այսպիսի կենտրոն ունենալն առաջնահերթություն է, քանի որ արդյունավետ մարզվելու, մրցաշարերում հաղթելու համար առաջին հերթին պետք է առողջ լինել: Շնորհակալ ենք նման նախաձեռնության համար: Վստահ եմ` դրական ազդեցությունը շուտով կզգացվի, քանի որ այսուհետ մենք ավելի հեշտ և արագ կկարողանանք լուծել առողջական խնդիրները և կենտրոնանալ լավ մրցելույթների վրա»:

Բժշկական ծառայության բաժանմունքի բացման օրակարգում էր նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Հուշագրով նախատեսվում է ուսանողների պրակտիկաների կազմակերպման միջոցով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական (վերականգնողական, առողջարանական և այլն) բնույթի ծրագրերի, այդ թվում՝ համապատասխան ոլորտներում համատեղ հետազոտությունների իրականացում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ