Մաշկի չորությունը կարող է պայմանավորված լինել մաշկային հիվանդություններով, ինչպես նաև կոշտ ջրի գործածությամբ, սխալ սննդակարգով, ծխախոտի ծխի ազդեցությամբ և երկար ժամանակ արևի ճառագայթների տակ լինելով։ Այս մասին ասել է մաշկաբան, կոսմետոլոգ Նադեժդա Յուդինան։
Մասնագետի խոսքով՝ մաշկային չորություն կարող է նկատվել նաև տարիքի հետ, ինչի պատճառ կարող է դառնալ հորմոնների արտադրության նվազումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մաշկային ճարպի, հիալուրոնաթթվի և կոլագենի արտադրության նվազման։
«Շատերը խնդրի ամենապարզ լուծումն են համարում խոնավեցնող միջոցների ակտիվ գործածությունը, բայց դա ոչ միշտ է օգնում և այնքան արդյունավետ չի գործում, որքան մենք կցանկանայինք», – նշել է բժիշկը:
Նման դեպքերում խնդրից ազատվելու համար նա խորհուրդ է տվել ավելի շատ մաքուր ջուր խմել, հարստացնել սննդակարգը բուսայուղերով, խոնավեցնել օդն ու նախապատվությունը տալ բնական գործվածքներից պատրաստված հագուստին ու անկողնային պարագաներին։