fbpx
Իրավական
05:30 06/10/2019

Մեդիահամայնքի արձագանքը «Հայելի» ակումբի վրա հարձակմանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ հոկտեմբերի 5-ին, 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։

Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Լևոն Բարսեղյան – Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար

«Բացարձակ մերժելի բան է լրատվամիջոցի վրա հարձակումը, որքան էլ այդ լրատվամիջոցի լրատվությունը կամ հաղորդածը, կամ խմբագրի կամ հիմնադրի մտքերը անընդունելի, կամ տհաճ լինեն այս կամ այն խմբի, մեծամասնության կամ փոքրամասնության համար:

«Հայելի» խմբագրության դեմ հարձակումը պիտի վերջինը լինի, իսկ հարձակվողները պետք է պատշաճ պատասխանատվության ենթարկվեն արածների համար, խուլիգանության հոդվածով»:

Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթ

«Եթե նյութում իրադարձությունների նկարագրությունը ճիշտ է, ապա այս երիտասարդների վարքը համարում են դատապարտեելի: Անկախ այն հանգամանքից, որ տվյալ լրատվամիջոցի ուղղվածությունն ինձ հոգեհարազատ չէ»:

Լիկա Թումանյան – Armnews

«Իրավական պետության մեջ “Հայելի” ակումբի վրա հարձակվելու համար անհապաղ քրեական գործ կհարուցվեր՝ գույքին վնաս պատճառելու, բռնության կոչերի, ԶԼՄ-ի գործունեությունը խոչընդոտելու, խոսքի ազատության դեմ սպառնալիքների և այլ կետերով, իսկ կազմակերպիչները կալանքի կենթարկվեին։

Եթե առաջիկա օրերին այսպիսի արձագանքի չարժանանա արարքը, ուրեմն սա իշխանության հովանավորչությամբ կազմակերպված գրոհ է՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ընտանիքի անդամների թիրախավորմամբ ճնշումների ենթարկելու նպատակով։

* Հայաստանի բոլոր ԶԼՄ-ները վտանգված են
* Մարդու ազատություններն ու ֆիզիկական անվտանգությունը սպառնալիքի տակ է
* Դատական և իրավապահ համակարգերը վտանգված են։»

Սաթիկ Սեյրանյան – Ժուռնալիստների միության նախագահ, 168 ժամ

Խստորեն դատապարտում եմ «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի ունեցած հարձակումը: Այն ոչ միայն դատապարտելի արարք է, այլև իրավապահ մարմինները պետք է շուտափույթ զբաղվեն:

Դավիթ Գալստյան – Սպուտնիկ

Հուսանք, որ էս ինքնահաստատման/հայպ բռնելու փորձը «հուժկու» հարված կստանա ոստիկանության կողմից…

P.S. «Հայելի»-ի խմբագրական քաղաքականության հետ, մեղմ ասած, համաձայն չլինելը ստե վաբշե էական չի։

Լևոն Սարդարյան – Լրագրողների անկախ արհմիության նախագահ

Մեկ անգամ էլ հիշեցնեմ՝ լրատվամիջոցի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի է, իսկ լրատվամիջոցների նկատմամբ ցանկացած ոտնձգություն՝ խստորեն դատապարտելի։ Սա վերաբերում է բոլորին՝ անկախ քաղաքական, քաղաքացիական, կրոնական կամ սեռական կողմնորոշումից։

Yerkir.am լրատվական կայքի խմբագրակազմ

Դատապարտում ենք «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը. Yerkir.am-ի հայտարարությունը
Խստորեն դատապարտում ենք «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը՝ այն որակելով որպես մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված ակնհայտ ոտնձգություն: Մամուլի վրա բռնաճնշում գործադրելու ցանկացած փորձ դիտվելու է որպես ՀՀ ժողովրդավարական արժեքների ոտնահարում, իսկ այսպիսի երևույթները կարող են վտանգավոր նախադեպ և սպառնալիք դառնալ բոլոր լրատվամիջոցների համար: Միանշանակ է, որ «Հայելու» դեպքը երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, հասարակությունը «նորերի-հների», «սևերի-սպիտակների» բաժանելու հետևանք է: Ի վերջո, կարելի է չհամաձայնել այս կամ այն լրատվամիջոցի հրապարակումների մեջ տեղ գտած մտքերի, փաստերի կամ կարծիքների հետ, այդ պարագայում ՀՀ-ում կան այդ ամենին հակադրվելու քաղաքակիրթ մեթոդներ և ճանապարհներ:

Մեր զորակցությունն ենք հայտնում «Հայելի» մամուլի ակումբի գործընկերներին և հայտարարում. ՀՀ-ում վաղուց անցել են լրատվամիջոցները բռնի ուժով փակելու, լրատվամիջոցների ձայնը բիրտ մեթոդներով լռեցնելու ժամանակները, և այդ ամենին վերադարձ չի՛ լինելու:

Սամսոն Մարտիրոսյան – Հետք

Հայելի ակումբի վրա հարձակման պատճառը դարձել է այս հոդվածը՝ Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից (https://hayeli.am/?p=150479&l=am)։ Clickbait վերնագիր է, բայց դա դեռ ոչինչ, իրականում հոդվածում նշված են Ալիևի խոսքերը, ով շատ հետաքրքիր ու խելոք բան է ասել։

«Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած է եղել ադրբեջանցի և հայ բնակիչներից, որոնք հավասար իրավունքներ են ունեցել»։

Թե՞ կարծում եք Ղարաբաղում ապրող հայերը առանձին ժողովուրդ են։

Ինչևէ, հարձակումը դատապարտելի է, կարծեմ հայելին ինքը զերծ չի եղել այն պիտակավորման պրակտիկայից, որի զոհն է դարձել հիմա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ