fbpx
Իրավական

Վարկային կեղծ ծառայություններ են մատուցել․ մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Money

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հինգ մեղադրյալի մասով նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

Քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2019թ. օգոստոսից 2020թ. հունիս ամիսների ընթացքում մի խումբ անձինք, միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության են եկել՝ խարդախությամբ հափշտակություններ կատարելու շուրջ:

Խմբի անդամները, իրենց մտադրությունն իրագործելու համար, թաքցնելով դրանց հանցավոր բնույթը և իրական նպատակները, դիմել են համակարգչային ծառայություններ մատուցող անձին և վերջինիս միջոցով «Facebook.com» կայքում գրանցված էջերի օգտագործմամբ տարածել շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ, որոնցում իբրև վարկային ծառայություններ մատուցող ընկերություններ նշվել են ֆինանսական կամ վարկային կազմակերպություններ չհանդիսացող և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում չգրանցված վարկային ընկերություններ:

Հայտարարությունների հիման վրա իրենց դիմած և վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրելով Երևան քաղաքի տարբեր հասցեներում նախապես վարձակալված գրասենյակային տարածքներ՝ ներկայացրել են, թե, իբր 30-35 տոկոս միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից նրանց անվամբ վարկային գումարների ստացումը կամ անուղղակի, այն է՝ դիմողի անվամբ ապառիկ եղանակով կենցաղային տեխնիկա և բջջային հեռախոսներ ձեռք բերելու, դրանք վաճառելու և ստացված գումարը տրամադրելու եղանակով ստացումը:

Այնուհետև, չարաշահելով իրենց դիմած քաղաքացիների վստահությունը, նրանց ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ, խաբեությամբ վերցրել նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները՝ ներկայացնելով, թե, իբր, անհրաժեշտ է ստացված գումարները մուտքագրել գրասենյակ, կատարել վերջնահաշվարկներ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն ստացված գույքը և գումարները հափշտակել են:

Քննությամբ պարզվել է նաև, որ խմբի անդամներն իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ընթացքում օգտագործել են խաբեության և վստահությունը չարաշահելու այլ եղանակներ ևս:

Մասնավորապես՝ իրենց դիմած քաղաքացիներից պարզելով վերջիններիս անձնական տվյալները՝ նրանց անվամբ վճարային համակարգում գրանցել են հաշիվներ, որոնց միջոցով վարկային ընկերությունից առցանց եղանակով ստացել են վարկային գումարներ, սակայն գումարները նրանց չեն տրամադրել, այլ հասանելիություն ունենալով նրանց անվամբ գրանցված վճարային համակարգի հաշիվներին, վարկային գումարները փոխանցումների միջոցով կանխիկացրել և հափշտակել են:

Բացի այդ, վարկային գումարներ ստացած քաղաքացիներին հայտնել են, թե, իբր, հետագայում նրանց անվամբ ավելի մեծ չափերով վարկային գումարներ են տրամադրելու և չարաշահելով նրանց վստահությունը՝ խաբեությամբ ստացել են նաև խոստացված գումարների համար հաշվարկված միջնորդավճարները, սակայն վերջիններիս այլ գումարներ չեն տրամադրվել:

Մեկ այլ դեպքում վարկեր ստացած քաղաքացիներից խաբեությամբ վերցրել են որոշակի գումարներ՝ հայտնելով, թե, իբր, դրանց միջոցով հետագայում պետք է կատարեն տոկոսագումարների մարումներ, սակայն մարումներ չեն կատարել, իսկ վերցրած գումարները հափշտակել են:

Իրենց հանցավոր գործունեության արդյունքում հափշտակված գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները խմբի անդամները հանձնել են խմբի ղեկավարին և որպես աշխատավարձ՝ ստացել որոշակի գումարներ:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած 28 անձանցից խարդախությամբ հափշտակվել է 17մլն. ՀՀ դրամ գումար:

Խմբի անդամներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ևս երեքին՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նշված հինգ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հանցավոր խմբի ղեկավարը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած այլ անձանց, ինչպես նաև՝ խմբի հնարավոր այլ անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ