fbpx
Իրավական

«Մանկան տան» սաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար մեղադրվում է 3 աշխատակից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի աշխատակցուհիները պարբերաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել, այն է՝ ծեծի են ենթարկել և ցավ պատճառել մի խումբ անչափահաս երեխաների:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի աշխատակցուհիներից երեքին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ