fbpx
Հասարակություն

Մեղավորը հասարակությունն է, որ ամեն ինչ անում է պաշտոնյային հրեշ դարձնելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Զրուցակիցս շատ բան տեսած, երկար կյանք ապրած մարդ է՝ ժա­մանակին պաշտոններ զբաղեցրած, մտավոր աշխատանք կատարած: Բողոք-զարմանքս այն մասին, թե կարճ ժամանակում այս ինչ մեծամտացան նոր իշխանավորները, պահվածքի- խոսքի-վարքի ի՜նչ տրանսֆորմա­ցիաների ենթարկվեցին, չի ընդունում:

Ասում է՝ իշխանությունը գայթակղիչ բան է, քայքայող-մեծամտացնող: Շատ մեծ հոգեկան ուժ պետք է ունենա մարդը, աչքը կուշտ լինի, կայացած ու խելացի, որ հասկանա` քծնանքն ու բազում արտոնություննե­րը պաշտոնի հետ գալիս ու գնում են, դրանցից զարմանալ և պաշտոնին ուղղված հանրային վերաբերմունքը սեփական արժանիքներին վերագրել կարող են միայն ապուշներն ու չտեսները: Բայց դե, սրանք երիտա­սարդ են և, մեծ հաշվով, մեղավոր չեն, որ այսքան արագ փչանում են՝ ասում է նա: Մեղավորը շրջապատն է, հասարակությունը, որն ամեն ինչ անում է պաշտոնյային փչացնելու, հրեշ դարձնելու համար:

Ստացվում է, որ հասարակությունը մեծ եռանդով այլասերում է իր իշխանավորին, հե­տո նույնքան եռանդով սկսում երա­զել նրանից ազատվելու մասին և երբ մի կերպ ազատվում է իշխա­նության համն առած ու բազում արտոնություններից ոչ մի կերպ հրաժարվել չցանկացող պաշտոնյաներից, մեծ բերկրանք է ապրում:

Տարրա­կան գիտակցություն է հարկավոր` հասկանալու համար, որ պաշտոնյան հանրային ծառայություն իրակա­նացնող մարդ է, նրան կարելի է պա­հանջներ ներկայացնել, բայց սիրա­շահել ու շողոքորթել ոչ մի դեպքում չի կարելի:

Քծնանքն ու չափից դուրս մեծարումը փչացնում են պաշտոն զբաղեցնողին, և մենք ինքներս մեր գլխին չարիք ենք ստեղծում: Մի´ փչացրեք այս երիտասարդներին, մի´ փակեք նրանց քննադատողների բերանը, ջերմոցային պայմաններ մի´ ստեղծեք նրանց համար, որ վաղը գլխներիդ չխփեք ու չասեք՝ այս մոնստրներին ո՞նց ծնեցինք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ