fbpx
Տնտեսություն

Արդիականացվելու ու վերակառուցվելու է Մեղրիի անցակետը․ անցկացվել է մրցույթ

Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021 թվականի դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրվել էր մրցութային փաթեթ և հայտարարվել էր մրցույթ: Հայտերի ընդունելության վերջնաժամկետի լրանալով պայմանավորված՝ մրցութային ամբողջական փաթեթների ուսումնասիրման նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պաշտոնապես բացվել են կազմակերպությունների ներկայացրած հայտերը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։

«Գնահատող հանձնաժողովը, որի կազմում են ՊԵԿ-ի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, կուսումնասիրի տվյալ կազմակերպությունների ներկայացրած մրցութային ամբողջական փաթեթները, նրանց նախկինում կատարած աշխատանքներն ու ներկայացրած գնային առաջարկները:

Ներկայացված հայտերի վավերականության ժամկետը 120 օր է:

Հավելենք, որ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված վարկային և դրամաշնորհային համաձայնագրի համաձայն: Ծրագրի արժեքը մոտավորապես 21 միլիոն եվրո է, շինարարական աշխատանքները տևելու են 30 ամիս:

Սահմանային անցակետը լինելու է գերժամանակակից, անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով՝ նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝ 4000 քմ կառուցապատման մակերեսով՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով, 40000 քմ ավտոկայանատեղի, մուտքային և ելքային 5 հոսանքագիծ, ինչպես նաև հագեցած է լինելու գերժամանակակից ռենտգեն-սարքավորումներով:

Մեղրիի անցակետի արդիականացումը կարագացնի և կհեշտացնի սպասարկումը, ինչպես նաև կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումներին», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ