fbpx
Զինված Ուժեր
17:40 29/01/2020

Մեկնարկել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացը

Մեկնարկել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) այսօր մեկնարկել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացը: Ծրագրով նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ հիմնադրամի վեցամսյա դասընթացին մասնակցելու հայտ էր ներկայացրել 17-23 տարեկան 400 երիտասարդ: Թեստավորման և հարցազրույցի փուլերից հետո նրանցից 46-ը կմասնակցեն անվճար դասընթացին:

Դասընթացի մեկնարկին նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչներ:

Նշենք, որ նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ վերջիններս առավել պատրաստված կլինեն հետագայում «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար։

«1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակներից է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները:

«1991 ստորաբաժանման» զինծառայողները ծառայության ընթացքում ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անցնել աշխատանքի հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները և զարգացնել դրանք,աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ինչպես նաև ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ