Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ գարնանային նստաշրջանը սկսված է:
Օրակարգի համաձայն` հիմնական հարցերի թվում պատվիրակները քննարկելու են նաև Եվրախորհրդի բյուջետային ճգնաժամը, որն արդյունք է Ռուսաստանի կողմից չվճարված անդամակցության վճարների:
Ծրագրվում է, որ գարնանային այս նստաշրջանի ժամանակ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը տարեկան զեկույց կներկայացնի: Բացի դրանից` սպասվում է ԵԽ գլխավոր քարտուղարի՝ Թյորբորն Յագլանդի մասնակցությունը:
ԵԽԽՎ-ն անդրադարձ կկատարի նաև այն նոր սպառնալիքներին, որոնք առկա են կազմակերպված հանցագործությունների և փողերի լվացման դեմ պայքարի հարցում, ինչպես նաև դիրքորոշում կհայտնի ԵՄ այն նոր մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կոչված է աջակցել ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:
Հիշեցնենք, որ 2017 թ. հունիսից Ռուսաստանը դադարեցրել է Եվրախորհրդի բյուջե վճարումներ կատարել: 2019 թվականի սկզբի տվյալներով՝ այդ պարտքը կազմում է մոտ 60 մլն եվրո: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության ներդրումային բաժինը կազմում է Եվրոպայի խորհրդի ամենամյա բյուջեի 11% -ը (մոտ 30 մլն եվրո):
Եվրոպայի խորհրդի կանոնադրության համաձայն, եթե մինչև հունիս Ռուսաստանը չկատարի իր ֆինանսական պարտավությունները, կարող է զրկվել ներկայացուցչական իրավունքից: