fbpx
Մարզեր

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրի համաժողովը

Սյունիքի մարզում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրի համաժողովը: Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ Սյունիքում նման ձևաչափով համաժողով առաջին անգամ է կազմակերպվում և հավելեց, որ հույս ունի, որ նախաձեռնությունը համախմբելու է մարզի գործարար ներուժն ու  նրա տնտեսության զարգացմանը նպաստելուն ուղղված մտքերը մեկ վայրում:

«Այսօր հնարավորություն կունենանք տեսնել, թե զարգացման ինչ հնարավորություններ ունի Սյունիքը, ինչ հետաքրքիր ու շահավետ ծրագրային գաղափարներ ունեն տեղացիները, որոնք սպասում են իրագործողների», – ասաց մարզպետը:

Վարչապետը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով:

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում հենց մեծ բանավեճն է, մեծ բանավեճ է. խենթության, ռոմանտիզմի և իրատեսության միջև, և մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, կամ այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին և գիտեն, որ այդ խենթ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանի Հանրապետությունում», – ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա:

«Կապ չունի, թե ինչ մակարդակի անհատական ջանք է դա: Այն, ինչ մենք ունենում ենք իրականում, նախ ունենում ենք որպես գաղափար: Տաթևերը, որը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, ըստ էության, մի կամ մի խումբ մարդկանց գաղափար էր, և դժվար էր ասել՝ ինչքան մարդ կար, որ հավատում էր, և ինչքան մարդ կար, որ չէր հավատում», – ասաց նա:

«Մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու և այդ երազանքը իրագործելու համարձակությամբ օժտենք: Այս տնտեսական մարզային ֆորումները հենց այդ նպատակին են ծառայում, որպեսզի մենք բոլոր մարզերում այս ուղերձը հղենք բոլորին: Որովհետև տնտեսական զարգացումը առաջին հերթին հենվում է անհատների վրա:

Մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում ապրում են տաղանդավոր մարդիկ», – նշեց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ