fbpx
Քաղաքականություն

Մենք աջակցում ենք, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև եղած խնդիրները հաղթահարվեն․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չենք խոսում ինչ-որ մերձեցման, ջերմացման մասին, երբ ունենք հարևաններ, որոնք պատմության, աշխարհագրության կողմից են տրված: Մենք հարաբերություններ ենք զարգացնում բոլորի և նրանցից յուրաքանչյուրի հետ: Սա ճշգրիտ է ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՏՄ մեր բոլոր գործընկերների առումով, այնպիսի երկրների առումով, ինչպիսին են Թուրքիան, Իրանը, արևելաեվրոպական երկրները»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք ցանկանում են բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենալ ու ամեն կերպ աջակցում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրները հաղթահարվեն:

«2010 թվականին մենք ամենաակտիվ կերպով նպաստել ենք, այսպես կոչված, Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: Չնայած նաև նախազգուշացրել ենք շատ չտարվել այս գաղափարով և հատկապես այն հաշվարկներով, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել անկախ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Մենք լուրջ կասկածներ ունեինք, մեր հայ գործընկերներն այդ ժամանակ ասացին՝ «ոչ, ամեն ինչ այդպես էլ կլինի, մեզ խոստացել են»:

Ցավոք, Ցյուրիխյան արձանագրությունների ճակատագիրը ձեզ լավ հայտնի է: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք պատրաստ լինել: Դրա համար անհրաժեշտ է 2 կողմերի շահագրգռվածությունը: Մենք պատրաստ ենք մեր հնարավորություններն օգտագործել այն նպատակով, որ առաջ մղենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը: Մենք բացարձակապես որևիցե հիմք չենք տեսնում ենթադրելու, որ այս երկրների միջև ինչ-որ մեկը պատերազմ կսկսի, և ամեն դեպքում մեր ամբողջ քաղաքականությունն ուղղված է այստեղ խաղաղություն, համագոյակցություն և փոխշահավետ համագործակցություն հաստատելուն»,- հայտարարեց Սերգեյ Լավրովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ