Կառավարություն

Մենք ասֆալտի վրա մորթվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք. Նոր որոշում

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում:

Այս հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և նշեց, որ այս լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորումը:

«Մենք մոնիտորինգ ենք իրականացնում, թե ոքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Մենք որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը: Սպանդանոցները հայտնել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»:

Նախարարը հավելեց, որ այս պահին գործում է 23 սպանդանոց, ևս 36-ը շուտով կսկսի գործե, բայց պարզվում է, որ կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին:

«Մեր առաջարկը հետեւյալն է. այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որևէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4,8 մլն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջվում են ևս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,-ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ և մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ