Իրանը համարժեք կպատասխանի ԱՄՆ-ի բոլոր գործողություններին: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Իրանի ժողովուրդը դիվանագիտորեն է պատասխանում դիվանագիտությանը, հարգանքով՝ հարգալից վերաբերմունքին և պաշտպանվում է ագրեսիայի դեմ։ Կարելի՞ է արդյոք ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ահաբեկչության և պատերազմի տարիները համարել դիվանագիտություն»,-գրել է նա։
Այդկերպ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարությանը, թե ամերիկյան դիվանագիտությունը չի ընձեռում Թեհրանին իրավունք պատասխանել ռազմական ուժով:
Հինգշաբթի The New York Times թերթը, հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրներին, հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնություն է տվել Իրանի ուղղությամբ հարվածներ ուղղելուն, երբ այդ երկրի ԶՈՒ-ն խոցել էր ամերիկյան անօդաչու թռչող սարքը: Ավելի ուշ նա չեղարկել էր այդ որոշումը, նշել է պարբերականը:
Հինգշաբթի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում հայտարարել են, որ խոցել են Իրանի հարավում ամերիկյան անօդաչու թռչող սարք: ԱՄՆ-ի Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանն ավելի ուշ հայտարարել է, որ սարքն իբրև խոցվել էր Հորմուզի նեղուցի երկնքում՝ միջազգային օդային տարածքում: