fbpx
Խորհրդարան
16:00 10/02/2020

Մենք հարցը տեղափոխել ենք իշխանության կրողի ոլորտ, և նա պետք է որոշի ինչպես վարվել․ Վլադիմիր Վարդանյան

Շատ ողջունելի պետք է համարել այն, որ ԱԺ-ն, ֆորմալ առումով ունենալով սահմանադրական փոփոխություններն ինքնուրույն իրականացնելու լիազորություն, հարցը դրեց հանրաքվեի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ-ն կոչված է լուծել սահմանադրական մարմինների միջև եղած վեճերը՝ օրինակ՝ Կառավարության և նախագահի ինստիտուտի, Կառավարության և ԱԺ-ի, ԲԴԽ-ի և ԱԺ-ի միջև և այլն:

«Ցավոք, ժամանակակից սահմանադրությունները, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրութունը չի պատասխանում այն հարցին, թե ինչ անել, եթե վեճը լուծող մարմնի հետ է վեճ առաջանում: Եթե ՍԴ-ն այս հարցով ունի անձնական շահագրգռվածություն՝ ՍԴ 9 դատավորներից 7-ը, ըստ էության, անձնական շահագրգռվածություն ունեն այս հարցում, տվյալ պարագայում հարցն ուղարկել ՍԴ և ակնկալել որոշում, որը քիչ թե շատ օբյեկտիվ կլինի, ճիշտ չէ, և եթե նույնիսկ ամբողջությամբ օբյեկտիվ լինի, որոշակի առումով խնդրահարույց է: Տվյալ պարագայում կա մի լուծում՝ դիմել ժողովրդին և հարցնել՝ ինչ կարծիքի է ժողովուրդը գործող կարգավորումների մասին»,-նշեց պատգամավորը:

Վարդանյանն ընդգծեց, որ իրենց և նախագահի աշխատակազմի վարքագիծը վկայում է այն մասին, որ գնում են առավել ժողովրդավարություն ապահովող հունով և հնարավորություն չեն ընձեռում, որ իշխանության մեկ ճյուղը՝ ԱԺ-ն, մյուս ճյուղի ձևավորման վրա ազդեցություն ունենա:

«Մենք հարցը տեղափոխել ենք իշխանության կրողի ոլորտ, և նա պետք է որոշի ինչպես վարվել: Հանրաքվեն, իմ կարծիքով, այն լուծումն է, որը հնարավորություն կտա բոլոր կողմերին հստակ հասկանալ, որ ժողովուրդն իրացրել է իր կամքը՝ ընդունելով որոշում, որն այլևս անբեկանելի է»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավորները խոսում են ստորագրություններ հավաքելու և հարցի վերաբերյալ ՍԴ որոշումն ստանալու վերաբերյալ, Վարդանյանն արձագանքեց, որ եթե ԱԺ պատգամավորիների մեկ հինգերորդը դիմի, ՍԴ-ն պետք է անդրադառնա այս հարցին:

«Եթե ՍԴ-ն դիմումն ընդունեց վարույթ, ապա ՍԴ-ն կորոշի դրա ճակատագիրն ու որոշում կկայացնի»,-հավելեց նա:

Դիտարկմանը, թե ընտրատեղամասում պետք է լինի նաև ՍԴ որոշումը, և եթե ՍԴ չդիմեն, ի՞նչ որոշում է դրված լինելու ընտրատեղամասում, Վարդանյանը պատասխանեց, որ որոշում չի լինելու:

Նրա համոզմամբ՝ չկա լուծում, որը կլիներ ստանդարտ այս տիպի վեճեր լուծելու համար:

«Ես, տարբեր երկրների փորձը հաշվի առնելով, ենթադրում եմ, որ եթե հարցը հանրաքվեով չլուծվի, կարող է խորքային ազդեցություն ունենալ, վերածվել խրոնիկ իրավիճակի, որի հանգուցալուծումը նույնիսկ այսօր շատ երկրներում նշմարված չէ: Գուցե այս լուծումը կդառնա իրավաչափ լուծում՝ օրինակ՝ դառնալով այլ մայրցամաքների կամ այլ եվրոպական պետությունների համար, որոնք նման խնդիրների են բախվում»,-եզրափակեց պատգամավորը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ