fbpx
Իրավական

Մենք հիմա էլ ենք փնտրում Վանո Սիրադեղյանին․ Օսիպյան

Այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը անդրադարձավ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի հնարավորությանը։

Նա վստահեցրեց, որ սխալ կարծիք կա, թե Վանո Սիրադեղյանին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները չեն շարունակվում. «Մենք հիմա էլ ենք փնտրում նրան: Ոստիկանությունը մշտապես իր աշխատանքներն իրականացնում է։ Մենք ունենք առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք անմիջապես տաք հետքերով, ժամերի ընթացքում բացահայտվում են, բայց ունենք մի փոքր դեպք, որը պետք է բացահայտվի, բայց տարիներ է պահանջում։ Այսօր օրինակ բերեցի, որ 1997-ին կատարված բնակարանային գողություն են բացահայտել, իսկ անցյալ տարի 1991 թվականի սպանություն։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչուր դեպք ուսումնասիրվում է, այնպես չէ, որ ոստիկանությունը մոռանում է։ Կան համապատասխան ծառայողներ, որոնք պատասխանատու են դեպքերի բացահայտման համար եւ աշխատում են»,- ընդգծեց Օսիպյանը:

Հարցին՝ գոնե ոստիկանությունը տեղյա՞կ է, թե նա որտեղ է՝ Հայաստանում, արտերկրում, Օսիպյանը պատասխանեց․ «Օտարերկրյա ներքին գործերի նախարարներից էլ եմ լսել, որ երբեմն ձեր հարցերն ու իմ պատասխանները խանգարում են, ավելին՝ խանգարել են գործին։ Օրինակ՝ Եռաբլուրում ավտոմեքենայից համակարգիչ են տարել: Մենք տեսադաշտում ունենք ենթադրյալ կատարող, ունենք վկաներ, բայց դուք այնպիսի հնչողություն եք տվել այդ ամենին, որ սահմանափակվել է գործի բացահայտումը»։

Ոստիկանապետը նշեց, որ շատ անգամ ինքը կամ ոստիկանության ներկայացուցիչները ստիպված են հնչեցված հարցերին սեղմ ու սահմանափակ պատասխանել՝ ելնելով գործի օպերատիվ տվյալներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ