fbpx
Կառավարություն

Մեր հիմնական խնդիրը Հայաստանը տաղանդների դրախտ դարձնելն է. Նիկոլ Փաշինյան

Հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելութի ընթացքում խոսեց նաև բնակչության թվի աճի մասին:

«Պետք է կարողանանք ապահովել մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցության այնպիսի մակարդակ ու հնարավորություններ, որ Հայաստանի բնակչության թիվն առաջիկա 20 տարվա ընթացքում կրկնապատկվի», – ասաց վարչապետը:

«Այս թեզի մեկնաբանությունների հետ կապված՝ երկու դիտարկում եմ ուզում անել: Առաջինը՝ երբեմն հարցնում են, թե երբվանից պետք է հաշվել 20 տարվա մեկնարկային ժամկետը, թե այսօրվա բնակչության ինչ թիվ պետք է դնենք հիմքում: Երբեմն ասում են, թե այդքան էլ իրատեսական չէ Հայաստանի բնակչության թվի կրկնապատկումը այդ ժամանակահատվածում: Ուզում եմ ընդգծել, որ եթե առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչությունը ոչ թե 100 տոկոսով աճի, այլ, օրինակ, 87, չեմ կարծում, թե դրանից մենք մեզ դժբախտ կզգանք»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս խնդրի լուծման հավասարազոր գործիքներ են մեծ հայրենադարձությունը և, իհարկե, ծնելիության աճը:

Որպես հիմնական խնդիր վարչապետը նշեց նաև Հայաստանը տաղանդների դրախտ դարձնելը:

«Մեր հիմնական խնդիրը Հայաստանը տաղանդների դրախտ դարձնելն է, և դրախտների տաղանդ, իհարկե: Մեր կանխավարկածն այն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է: Մեկը տաղանդավոր է որպես գիտնական, երկրորդը՝ որպես գործարար, երրորդը՝ որպես արվեստագետ, չորրորդը՝ որպես ինժեներ: Մեր հավատամքն է, որ եթե յուրաքանչյուր ոք իր տաղանդը զարգացնելու և իրացնելու հնարավորություն ունենա, ինքը կկարողանա սեփական աշխատանքով ապահովել իր, այդպիսով նաև երկրի բարեկեցությունը»,-ասաց Փաշինյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ