fbpx
Կառավարություն

Մեր փրկարարները չեն զիջում առաջադեմ պետությունների փրկարարներին. Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ շնորհավորելով՝ նշեց.

«Մեր ժողովուրդը տասը տարի է՝ նշում է մոլորակի թերևս ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի օրը: Փրկարարը երբեք չի պատժում, այլ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ կյանքեր է փրկում»:

Ցոլակյանը շեշտեց՝ փրկարարի աշխատանքն առաքելություն է: Նա ընդգծեց՝ քիչ բան չի արվել համակարգի համար, զրոյական կետից ստեղծվել է կառույց, որն ունակ է օգնություն ցուցաբերել ոչ միայն մեզ, այլև վտանգի ու դժվարության մեջ գտնվող հարևան ժողովրդին:

«Մեր փրկարարները չեն զիջում առաջադեմ պետությունների փրկարարներին: Սա չի նշանակում, որ անելիքներ չկան, կան, այն էլ ինչքան: Փոխվել են ժամանակները, նաև համակարգի մարտահրավերները, տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ՝ մեծանում է աղետների ռիսկը, ստիպում համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ»,- ասաց նա:

Նախարարը, խոսելով անցնող տարվա մասին, առանձնահատուկ շեշտեց հրդեհների առատությունը: Նա նշեց.

«Այս տարի եղան բարդ հրդեհներ, որոնց հետևանքները կարող էին ճակատագրական լինել: Քանակն ու մասշտաբներն այնքան մեծ էին, որ ներգրավվել էր նաև կենտրոնական ապարատը: Գուցե զավեշտալի թվա, բայց հանդիսավոր շքերթի նախապատրաստական աշխատանքների համար փրկարար չէինք կարողանում գտնել, որ փորձերին մասնակցեն, բոլորը հրդեհաշիջման էին մասնակցում»:

Ցոլակյանի գնահատմամբ՝ փրկարարներն այսօր պատվով են կատարում իրենց առջև դրված խնդիրը:

«Փրկարարը հերոս է, իր հայրենիքի ու ժողովրդի հերոս-զինվորը, ով օր ու գիշեր կռիվ է տալիս հրդեհի, երկրաշարժի ու սողանքի դեմ, սահմանից այս կողմ ապահովում է իր քաղաքացու անվտանգությունը»,- նշեց նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ