Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխատում է միջազգային հանրության հետ՝ Վենեսուելայում իշխանափոխության հասնելու համար: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոլումբիական Caracol TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:
«Ծրագիրը, որի վրա մենք աշխատում ենք, պետք է հանգեցնի նրան, որ նախագահ Մադուրոն հեռանա, և Վենեսուելայի ժողովուրդը կարողանա ազատ և արդար ընտրություններ անցկացնել: Մենք աշխատում ենք Հարավային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Եվրոպայի երկրների հետ, ամբողջ աշխարհի երկրների հետ՝ այդ արդյունքին հասնելու համար»,-նշել է պետքարտուղարը:
Պոմպեոյի խոսքով՝ դեռ շատ բան կա անելու, քանի որ Մադուրոն դեռևս իշխանության գլխին է՝ առաջացնելով համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր հումանիտար ճգնաժամերից մեկը:
«Սակայն միասին մենք առաջ ենք շարժվում»,-հավելել է պետքարտուղարը:
Ավելի վաղ The Washington Post հրատարակությանը տված հարցազրույցում Մադուրոն հայտարարել էր, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սակայն կնախընտրեր միանգամից խոսել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ կարծում է, որ Պոմպեոն անհաջողություն է ունեցել Վենեսուելայում և Թրամփի փոխարեն պատասխանատվություն է կրում Վենեսուլայի նկատմամբ վարած քաղաքականության համար:
