fbpx
Աշխարհ
20:30 13/10/2019

Մերկելը Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում:  Այս մասին հայտնում է Գերմանիայի նախարարների կաբինետը։

Զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին՝ թուրքական կողմի հարցմամբ։

«Զրույցի կենտրոնում եղել է իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում՝ այնտեղ Թուրքիայի ռազմական գործողության սկզբից հետո։ Կանցլերն արտահայտվել է ռազմական գործողության անհապաղ դադարեցման օգտին։ Չնայած Թուրքիայի՝ անվտանգության ոլորտի հիմնավոր շահերին, գործողությունն սպառնում է տեղի բնակչության նշանակալի մասին միգրացիայով, տարածաշրջանի անկայունացմամբ և ԻՊ-ի դիրքերի ամրապնդմամբ»,-նշվում է նախարարների կաբինետի հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի այլ թեմաներ են դարձել իրավիճակը Սիրայի Իդլիբ նահանգում և Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի կողմից գազային հանքավայրերի հորատումը։

Գերմանիան դեմ է հանդես գալիս Սիրիայում Թուրքիայի գործողությանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ