Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստան կատարած եռօրյա այցի ընթացքում Պեկինին Հոնկոնգի ճգնաժամի խաղաղ կարգավորման կոչ է արել։ Նա ասել է, որ Հոնկոնգում բազմամսյա զանգվածային բողոքների թեման քննարկել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ և հիշեցրել նրան այն մասին, որ Լոնդոնի և Պեկինի միջև պայմանագիրը Չինաստանին բրիտանական նախկին գաղութը վերադարձնելու մասին նախկինի պես գործում է, և Հոնկոնգի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պետք է ապահովվեն։ Այս մասին տեղեկացնում է DW-ն։
Մերկելի խոսքով՝ ներկա իրավիճակում պետք է անել ամեն ինչ, որպեսզի բռնություն չլինի։ Նա նշել է, որ Հոնկոնգի իշխանությունները ցուցադրում են երկխոսության պատրաստակամություն, և հույս է հայտնել, որ ցուցարարների ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն երկխոսությանը քաղաքացիական ազատությունների շրջանակում։
Հարցին, թե կարող է արդյոք Չինաստանը ռազմական ուժ կիրառել, Լի Կեցյանը պատասխանել է, որ կենտրոնական իշխանությունը Պեկինում օրենքի շրջանակում կօգնի Հոնկոնգի իշխանություններին։ Նա միևնույն ժամանակ ավելացրել է, որ Չինաստանը դրա համար բավականաչափ իմաստնություն ունի։