fbpx
Հասարակություն

Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհահատվածի վերականգնումն ավարտվել է

Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.2կմ երկարությամբ ավտոճանապարհահատվածի վերականգնումն ավարտվել է։ Այն նորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակում։

Վերականգնված մարզային ենթակայության ճանապարհահատվածը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, որի միջոցով Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր բնակավայրերը կապվում են միմյանց և միջպետական Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի հետ։

Շինաշխատանքներն իրականացրել է «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը։ Կապալառուն վերականգնել է հողային պաստառը՝ 7.5-9մ լայնությամբ, ճանապարհային պատվածքը՝ 5.4-6մ լայնությամբ, ճանապարհային հագուստը։ Վերականգնվել է ջրահեռացման համակարգը, նորոգվել են երկաթբետոնե ջրթող խողովակներ, կամուրջներ, տեղադրվել են նոր երկաթբետոնե վաքեր, ջրընդունիչների մետաղական խողովակներ։ Կառուցվել են մայթեր, իջատեղեր, մուտքեր, կողնակներ։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով, կատարվել են ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքներ, կառուցվել է նաև գյուղտեխնիկայի անցում։

Շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը կատարված աշխատանքները դիտարկել է տեղում։

Վերին Բազմաբերդի բնակչուհի Անահիտ Խաչատրյանը նշում է, որ մինչ վերականգնումը ճանապարհը գտնվում էր խիստ անբերակարգ վիճակում, անգամ շտապօգնության մեքենաները չէին կարողանում հասնել հիվանդներին։ Նա նշում է, որ Վերին Բազմաբերդի առաջնային խնդիրը ճանապարհի նորոգումն էր, և բնակիչները հույս ունեն, որ ճանապարհի նորոգմամբ իրենց շատ հարցեր լուծում կստանան։

Նշված բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից մոտ 2300մ բարձրության վրա, այստեղ կլիման խստաշունչ է, ձմռանը տեղումները՝ առատ, ուստի շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը կարևորեց տեղական մարմինների կողմից հատկապես ձմռան ամիսներին ճանապարհի սպասարկման աշխատանքների, որպեսզի ապահովվի անվտանգ երթևեկությունը։

Նշենք, որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ