Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանի հարցազրույց է տվել «Riafan.ru» Դաշնային լրատվական գործակալությանը։
Դրանից մի հատված թարգմանությամբ ներկայացրել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։
«Հարց․ Մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում «Նեզավիսիմայա գազետան», գրեցին, որ Թուրքիայի հրահրմամբ սիրիացի զինյալներ են պատրաստվում Ադրբեջանում։ Պատրաստվում են Հայաստանի դեմ: Ասեք խնդրում եմ, ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ և մտադի՞ր եք արդյոք քննարկել այս հարցը արաբական երկրներում:
Պատասխան. Վերջին տարիներին տարածաշրջանում շարունակական անկայունությունն ու ճգնաժամային իրավիճակները սպառնալիքներ և ռիսկեր են ներկայացնում ինչպես Հայաստանի անվտանգության, այնպես էլ Մերձավոր Արևելքի հայ համայնքների բնականոն կենսագործունեության ապահովման համար: Հետևաբար, մեզ չի կարող չանհանգստացնել Թուրքիայի ագրեսիվ ծավալապաշտական քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանի տարբեր կետերում բաց առճակատում ստեղծելուն և դրանով իսկ ավելի է խորացնում տարածաշրջանում առանց այդ էլ սրված իրավիճակը՝ դրանով էլ ավելի ապակայունացնելով այն:
Հայաստանի և Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի տարածքում սիրիական զինյալների պատրաստման մասին տեղեկատվությունը դրա վառ օրինակն է: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ծայրահեղականների օգտագործման և Թուրքիայի կողմից տարբեր շրջաններ ահաբեկչական տարրերի արտահանման նախադեպերը, մենք շատ լուրջ ենք վերաբերվում նմանօրինակ սպառնալիքին:
Տարիներ շարունակ Հայաստանը բարձրացնում է այս հարցը ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ մեր գործընկերների հետ երկկողմ քննարկումների ձևաչափում: Մենք բազմիցս նախազգուշացրել ենք նման քաղաքականության աղետալի հետևանքների մասին, հատկապես 2016-ի ապրիլյան ագրեսիայից հետո, երբ Արցախի խաղաղ բնակչության դեմ նետվեցին ԻԼԻՊ-ի գրոհայիններ և թուրքական ազգայնական խմբավորումների արմատականներ: Հանդիսանալով միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ Հայաստանը կողմնակից է տարածաշրջանում ապաարմատականացմանը: Մենք կոչ ենք արել և կշարունակենք կոչ անել ձեռնարկել ավելի վճռական միջոցառումներ` տարածաշրջանում արմատական և ծայրահեղական տարրերի տարածումը կանխելու համար, հատկապես, երբ այդպիսի տարրերը ծառայում են որպես առանձին պետությունների կամ նրանց ղեկավարների քաղաքական նպատակներին հասնելու միջոց:
Հարց․ Կարելի՞ է ասել, որ Հայաստանի արտգործնախարարի այցերի շարքը խորհրդանշում է Հայաստանի վերադարձը Մերձավոր Արևելք:
Պատասխան. Հայաստանի՝ մերձավորարևելյան նոր ռազմավարությունը նպատակաուղղված է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում ակտիվ ներգրավմանը՝ չեզոքացնելու ակնհայտ սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք բխում են շարունակական հակամարտություններից, քաղաքացիական և «միջնորդավորված» (պրոքսի) պատերազմներից, ահաբեկչական խմբավորումների և սահմանային ծայրահեղական ուժերի անվերահսկելի գործողություններից, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, ֆինանսական, մարդասիրական և ժողովրդագրական խորացող ճգնաժամերից: Հայաստանը չափազանց շահագրգռված է` ամրապնդելու Մերձավոր Արևելքի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, ինչը հենց Հայաստանի անվտանգության միջավայրի կարևոր բաղադրիչ է և ունի ռազմավարական նշանակություն ոչ միայն տարածաշրջանում հայկական ավանդական համայնքների առկայության, այլև ոչ պակաս կարևոր` մեր ազգային շահերի պաշտպանության և առաջմղման համար:
Դժվար է գերագնահատել Մերձավոր Արևելքի նշանակությունը Հայաստանի համար: Մեզ կապում է պատմական և մշակութային ընդհանրությունը: Մերձավոր Արևելքը հիմնականում հայկական ավանդական սփյուռքի ծագման կենտրոններից մեկն է, որը ձևավորվել է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության արդյունքում: Եվ մինչ օրս, չնայած տարածաշրջանը պատուհասած ցնցումներին, որոնց մեջ ներգրավված են նաև հայկական համայնքները, հայերը շարունակում են կարևոր հասարակական-քաղաքական դեր ունենալ Մերձավոր Արևելքում: Զարմանալի չէ, որ անկախացումից ի վեր հիանալի հարաբերություններ են ձևավորվել տարածաշրջանի շատ երկրների հետ:
Մեր երկրների միջև ամրապնդվել են երկկողմ համագործակցության հաստատված ավանդույթները, որոնք ներառում են բարձր մակարդակի այցեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով: Մերձավոր Արևելքի տարածաշրջանը երբեք չի կորցրել իր նշանակությունը Հայաստանի համար: Ընդհակառակը, այս տարիների ընթացքում տարածաշրջանում հաստատվել է մարդասիրական ոլորտում փոխգործակցության ուժեղ ավանդույթ: Հայաստանը խաղաղապահ և մարդասիրական առաքելություններ է իրականացնում տարածաշրջանում, ինչպես, օրինակ, Լիբանանում` UNIFIL խաղաղապահ առաքելության շրջանակներում: Մենք բազմիցս մարդասիրական բեռներ ենք ուղարկել և շարունակում ուղարկել Սիրիա և Լիբանան:
Սիրիայում հայ սակրավորները մարդասիրական ականազերծում են իրականացնում Հալեպի շրջանում պատերազմից զերծ գոտում: Բացի այդ, սակրավորների խմբում նշանակվել են տարբեր մասնագիտացմամբ մի քանի բարձր որակավորում ունեցող բժիշկներ, որոնք քաղաքացիական բնակչությանը անվճար բուժօգնություն են տրամադրում: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո Հայաստանը մարդասիրական օգնության երեք ինքնաթիռ է ուղարկել պայթյունից տուժածներին:
Շարունակվում է տարածաշրջանում մեր դիվանագիտական ներկայության ընդլայնումը: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք երկու նոր դեսպանություն ենք բացել/հիմնել՝ Թել Ավիվում և Դոհայում, շուտով կսկվի գործել նաև Էրբիլում գլխավոր հյուպատոսությունը: Զգալիորեն ակտիվացել են Հորդանանի հետ երկկողմ հարաբերությունները: Անցյալ տարի Հայաստանի նախագահն աշխատանքային այց կատարեց Թագավորություն, իսկ այս տարվա սկզբին Հորդանանի թագավորը պատմության մեջ առաջին անգամ այց կատարեց Հայաստան:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի տարածաշրջանային այցը նշանակալից քայլ է մերձավորարևելյան տարածաշրջանի հետ արտաքին քաղաքական կապերն ակտիվացնելու առումով, ինչպես նաև կարևոր ուղերձ է առ այն, որ տարածաշրջանը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, և մենք աշխատելու ենք մեր հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Արտաքին քաղաքականության մեր նոր ուղղությունը Մերձավոր Արևելքում ուղղված է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների հետևողական ակտիվացմանը և բազմավեկտոր համագործակցության դինամիկ զարգացմանը»:
Ամբողջական հոդվածը հասանելի է այստեղ։

