Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 91 տարեկան-Azat TV
Մշակույթ
18:00 04/07/2021

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 91 տարեկան

Հուլիսի 4-ը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է, նա կդառնար 91 տարեկան։ Կինոաշխարհում Ֆրունզիկ անունով առավել հայտնի տաղանդը նկարահանվել է 49 ֆիլմերում, ստեղծել է իրենց անմիջականությամբ ու բնականությամբ իրական կերպարներ, որոնք առ այսօր սիրված են ժողովրդի կողմից։

 

Կենսագրություն

Մհերը ծնվել է 1930 թվականին Գյումրիում: Հայրը՝ Մուշեղը, Մուշից էր, իսկ մայրը՝ Սանամը, Վանից:
Մհերը շատ դժվարին և տխուր մանկություն է ունեցել: Նա չհասցրեց մանկություն ունենալ, խաղալիք ունենալ և պարզապես երեխա լինել: Տարիներ անց Մհերը հիշում է, որ իր մանկության երազանքը հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցավ:

Դեռևս փոքր հասակում սկսում է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին Մհերը կինոմեխանիկի աշակերտ էր, և նա օր ու գիշեր փակվում էր կոմբինատի կինոխցիկում: Հենց նրա կինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնեց և տարավ ինքնագործ խմբի բեմ,որտեղ նա առաջին անգամ ծիծաղեցրեց հանդիսատեսին: Այդտեղից սկսվեց նրա թատերական կյանքը:

1959-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

ԴԲարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։

1978 թվականին Մկրտչյանն արժանացավ ԽՍՀՄ, իսկ 1979 թվականին ՀԽՍՀ Պետական մրցանակների: 2001թվականին հետմահու պարգևատրվեց ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Վախճանվել է 1993թ. դեկտեմբերի 29-ին Երևանում:

Անձնական կյանք

Մհեր Մկրտչյանի անձնական կյանքը, ի տարբերություն էկրանի, ավելի շատ ոչ թե կատակերգություն, այլ ողբերգություն է հիշեցնում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում են «Ուրախ տխուր մարդ»:
Երկու երեխա ունենալուց հետո դերասանի կնոջը՝ Դոնարա Մկրտչյանին, 41 տարեկան հասակում սարսափելի ախտորոշում են տվել. շիզոֆրենիա։ Մնացած ողջ կյանքը, մոտ 30 տարի, նա անցկացրել է հոգեբուժարանում։

Հոգեկան հիվանդությունը ժառանգաբար անցել է նաև նրանց որդուն՝ Վահագին, ով մանկությունից ներփակ էր: Հայրը փորձել է փրկել որդուն։ Նրան անգամ Ֆրանսիա է տարել, սակայն օտարերկրացի բժիշկները միայն հաստատել են ախտորոշումը։ Այլևս պայքարելու ուժ չունենալով՝ Մկրտչյանը դադարել է տանից դուրս գալ։ Նրա անշունչ մարմինը հարևանները գտել են տանը։ Վահագը ապրել է ևս 9 տարի և մահացել հոգեբուժարանում։ Դերասանի դուստրը՝ Նունեն, մահացել է 1998թ.-ին քաղցկեղից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ