Արցախի նախկին պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ես 5 անգամ հանդիպել եմ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ խոսելով ԱԱԾ նախագահ Արթուր Վանեցյանի միջնորդությամբ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին։
«Ընդհանրապես Արայիկ Հարությունյանի հետ մի 5 անգամ ես արդեն հանդիպել եմ, բայց որևէ կապ չունի ԱԱԾ ղեկավարը հանդիպման հետ, մենք հանդիպել ենք որպես քաղաքական ուժեր և պետք է բանակցեինք, որովհետև Արայիկ Հարությունյանը խորհրդարանում մեծամասնություն ունի, այս փաստաթղթերն ուղարկվելու է պառլամենտ, իրենց դիրքորոշումն ես հասկանամ։ Այսքան բան»,–նշեց նա։
Հարցին՝ միասնական թեկնածուով ընտրություններին գնալու հարցը քննարկվե՞լ է, Բաբայանը պատասխանեց. «Միասնական թեկնածու չի լինելու, մենք մեր համար գնալու ենք մեր ճանապարհով, որովհետև գաղափարական խնդիրներ կան, նման հարց ընդհանրապես չենք քննարկել»։
Լուրերին, թե ինքն ու Արայիկ Հարությունյանը պատրաստվում են իշխանությունն ընտրություններից հետո բաժանել, նա նշեց. «Ընդհանրապես, երբ հիմա գրանցման խնդիրը կա, ապա ինչ իշխանության մասին է խոսքը։ Դա իրականությանը չի համապատասխանում, որևիցե մեկի հետ բանակցություն չի եղել ինչ-որ բան կիսելու մասին։ Ես ինչ խոստացել եմ մեր ժողովրդին, պարտադիր կատարելու եմ, թե ոնց, կգրանցեն, չեն գրանցի, մենք կգնանք մեր ճանապարհով, դու կտեսնեք։ Հատուկ վիճակ չկա, կա ընտրապայքար, քաղաքական ուժերը դիրքավորվում են, ինչպես պատկերացնում է։ ես հանդիպել եմ 7 կուսակցությունների ղեկավարների հետ, ինչո՞ւ եք միայն Արայիկ Հարությունյանին առանձնացնում»։
Նրա կարծիքով՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը շահարկողները իշխանության ներկայացուցիչներն են, նրանք ցավալի են տանում և մտահոգված են. «Ես ձեր միջոցով ուզում եմ ասել՝ տղանե՛ր, մի մտահոգվեք, որևէ կապ չկա այս հանդիպումների մեջ, մենք միայն խոսում ենք այն մասին, որ 22 հազարից ավելի ստորագրությունները չանտեսվեն»։
Սամվել Բաբայանն անդրադարձավ այն պնդումներին, թե 1 հոգու համար չպետք է Սահմանադրություն փոխել. «Կան մարդիկ, որոնք հայտարարում են, թե մի մարդու համար պետք չէ Սահմանադրություն փոխել, բա՞ Սահմանադրությունը 1 մարդու համար չեն փոխել, 3 տարով երկարաձգել են, ապօրինի նստել է։ Այս ժամանակ չէի՞ն տեսնում։ Ժողովուրդը տվել է իր համաձայնությունը, մենք օրենքով շարժվում ենք առաջ»։
Նա շեշտեց՝ Արցախում լարվածություն չկա. «Մենք ի՞նչ ենք արել լարվածություն ստեղծելու համար, օրենքը պահանջում է ստորագրահավաք անցկացնել, մենք անց ենք կացրել, հանձնել ենք փաստաթղթերը, սպասում ենք ընթացակարգին»։