fbpx
Իրավական
16:00 03/10/2019

ՄԻԵԴ-ի նոր վճիռը․ Հայաստանը 7800 եվրո պետք է վճարի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (դատարան հասանելիության իրավունք) խախտում, ինչպես նաև 8-րդ հոդվածի խախտում (անձնական կյանքի հարգանքի իրավունք):

Նշվում է, որ գործը վերաբերում էր 1939թ.-ին ծնված Գուրգեն Նիկոլյանին, որը 2012թ-ին դատարան է ներկայացրել ամուսնալուծության և վտարման հայցադիմում ընդդեմ իր կնոջ, պնդելով, որ իրենց կոնֆլիկտային հարաբերությունները անհնար են դարձրել համատեղ կյանքը։ Սակայն, դատարանները երբեք չեն քննել նրա հայցը, քանի որ նա 2013-ին ճանաչվել է անգործունակ՝ կնոջ ու որդու կողմից բերված վարույթի հիման վրա։

Դատարանը գտել է, որ դիմումատուն չի կարողացել ոչ հայց ներկայացնել կնոջ նկատմամբ ամուսնալուծության և վտարման պահանջով, ոչ էլ դատարանում պահանջել վերականգնել իր իրավունակությունը, քանի որ ՀՀ օրենքը ընդհանուր արգելք է սահմանում անգործունակ ճանաչված անձանց համար դատարաններ ուղղակիորեն մուտք գործելու վերաբերյալ:

Նշվում է, որ իրավիճակն ավելի է սրվել այն փաստից, որ իշխանությունները դիմումատուի որդուն նշանակել են որպես նրա իրավաբանական խնամակալ, չնայած նրանց կոնֆլիկտային հարաբերություններին։

Ավելին, դիմումատուին օրինական կարողությունից զրկելու վճիռը հենվել է ընդամենը մեկհնացած հոգեբուժական զեկույցի վրա՝ առանց նրա հոգեկան խանգարման աստիճանը մանրամասն վերլուծելու կամ հաշվի առնելու այն, որ դիմումատուն չի ունեցել հիվանդության պատմություն:

Դատարանը գտել է, որ որպես արդարացի բավարարում Հայաստանը Նիկոլյանին պետք է վճարի 7,800 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ