Այսօր ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը և Եվրոպան պետք է քիչ-քիչ շարժվեն վիզաների ազատականացման ուղղությամբ, սակայն այդ ոլորտում կան քաղաքական խնդիրներ։ Եվրոպայում շատ սուր են ընդունում միգրացիայի վերաբերյալ հարցերը։
Վարչապետը նշեց, որ եվրոպական մի քանի երկրներում լուրջ քաղաքական քննարկումներ կան այս հարցերում։ Նա նշեց, որ դրան նպաստում են նաև Մերձավոր Արևելքում ճգնաժամերի սրումն ու դրա հետևանքով միգրացիոն հոսքերի ակտիվացումը։ Հայաստանը, սակայն, այստեղ որոշ ուժեղ փաստարկներ ունի։
Նրա խոսքով՝ դրանցից մեկն այն է, որ վերջին տարիներին 60 տոկոսով նվազել է Հայաստանից Եվրոպա մեկնողների կողմից ապաստանի հայցումը։ Սա, ըստ Փաշինյանի, ներկայացվել է եվրոպական գործընկերներին, սակայն երբեմն երկրների ներսում քաղաքական հարցեր են լինում, ինչի հետևանքով էլ ուշանում են զրույցները։
