fbpx
Քաղաքականություն

Միջազգային այս հարթակում էլ ադրբեջանցիներն իրենց արժանի պատասխաններն են ստանում․ Մելքումյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրել է Բելգրադում ադրբեջանցի պատվիրակների հետ իր բանավեճը, որի ժամանակ, ըստ Մելքումյանի, ադրբեջանցիները արժանի պատասխան են ստացել։ Պատգամավորի՝ իր Facebook-ի էջում կատարած գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Երեկ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Միջպառլամենտական համաշխարհային միության Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի նիստում ադրբեջանցի պատգամավորներից մեկը նորից սկսեց արտասանել պատճենահանված նույն տեքստը, ինչը որ ասվել էր Ստրասբուրգում, միջազգային այլ հարթակներում՝ կապված իբր Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիայի, այլևայլ հարցադրումների հետ:

Իհարկե, շատ կարճ և տեղին բացատրեցի նրան, որ Խորհրդային Ադրբեջանի փլուզումից հետո Ադրբեջանը նույնպես մասնատվել է, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով որոշել է իր ճակատագիրը: Քանի որ դա ՄԱԿ-ի հանձնաժողովի նիստն էր, ադրբեջանցինրը հարցադրում էին անում ՄԱԿ-ի սկզբունքների, 1994թ. որոշման հիման վրա: Մեր կողմից ասվեց, որ դրան հակակշռում է ազգերի ինքնորոշման սկզբունքը:

Եվ իհարկե, այդ առումով պետք է արձանագրել այն փաստը, որ անցած 28 տարիների ընթացքում և՛ Հայաստանը, և Ադրբեջանը հարցի խաղաղ կարգավորումը պատվիրակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, և հարցը պետք է քննարկենք այդ շրջանակներում, եթե նրանք չեն ուզում իրենց ագրեսիվ պահվածքով նորից իրենց համար որոշակի խնդիրներ ստեղծել:

Այսպիսով,ամեն ինչ դրվեց իր տեղը, ես նորից շեշտեցի, որ այնտեղ ապրել են հայեր, ապրում են և հավերժ ապրելու են, և որ այնտեղ ապրելու իրենց իրավունքը նրանք վաստակել են դեռևս իրենց ապուպապերից, շատ հին ժամանակներից, իսկ ադրբեջանցիները քոչվոր եկածներ են այդ տարածքում:
Դրանից անմիջապես հետո այդ ընկերը փախավ մյուս հանձնաժողով, որպեսզի նույն պատճենահանված տեքստն այնտեղ էլ արտասանի:

Այսպիսով, միջազգային այս հարթակում էլ ադրբեջանցիներն իրենց արժանի պատասխաններն են ստանում»:

https://www.facebook.com/photo.php?fbid=406231446957130&set=a.113354672911477&type=3

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ