80-ից ավելի երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ են Բրյուսելում մասնակցել Սիրիային նվիրված երրորդ միջազգային դոնորական խորհրդաժողովին Եվրամիության և ՄԱԿ-ի հրավերով:
Երկու օրվա ընթացքում միջազգային հանրակցությունը 7 մլրդ դոլար է հանգանակել որպես օգնություն Սիրիայի բնակչությանն ու փախստականներին: Բացի դա, խորհրդաժողովի մասնակիցները քննարկել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և այդ երկրում ճգնաժամի կարգավորման բանակցությունների վիճակը՝ լիակատար աջակցություն հայտնելով ՄԱԿ-ի հովանու ներքո շարունակվող քաղաքական գործընթացին և կոչ անելով ակտիվացնել ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
«Ես հպարտությամբ եմ հայտարարում, որ այստեղ հավաքված պատվիրակությունները հավաքական պարտավորություն են ստանձնել 7 մլրդ դոլար հատկացնել որպես մարդասիրական օգնություն այդ երկրի ժողովրդին ու փախստականներին»,- նշել է հումանիտար օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը՝ ամփոփելով խորհրդաժողովի արդյունքները: Նա ավելացրել է, որ այդ գումարի երկու երրորդը պարտավորվել են հատկացնել Եվրամիությունը և հանրակցության անդամ առանձին երկրներ:
Բացի այդ, խորհրդաժողովի համանախագահների ամփոփիչ հայտարարության մեջ ասված է, որ ևս 2,4 մլրդ դոլար հատկացվելու է 2020 և հաջորդ տարվա համար:
Այսպիսով. խորհրդաժողովի մասնակիցները 1 մլրդ դոլարով ավելի են հանգանակել, քան անցյալ տարի և քան սպասվում էր հավաքել այս տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: