fbpx
Քաղաքականություն

Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ալիևին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև՝ 80 կողմ, 18 դեմ և 3 ձեռնպահ ձայներով: Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել բանաձևին:

Բանաձևի նպատակն է օժանդակել վերացնելու հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները:

Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը զեկույցի վերաբերյալ հանդես է եկել ելույթով:

«Մեկ տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և ներգրավվածությամբ, ինչպես նաև ահաբեկիչների մասնակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ: Հստակորեն պետք է նշել, որ բանակցային գործընթացի խաթարողն ու պատերազմի նախաձեռնողը Իլհամ Ալիևն էր, որը մերժում էր հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը:

Մեկ տարի շարունակ հարյուրավոր հայ ռազմագերիներ պատանդ են պահվում Ադրբեջանում: Ցավոք, նրանց թիվը մինչ օրս հստակ պարզ չէ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում գերիների ճշգրիտ թիվը և դա անում են առանց որևէ իրավական հիմքի՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներին վերաբերելի պահանջները՝ համաձայն Ժնևի երրորդ կոնվենցիայի:

Մենք արձանագրել ենք, որ դեպքերի 90 տոկոսի վերաբերյալ կան լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հաստատում են, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են նրանց և շարունակում են պահել գերության մեջ: Հայ ռազմագերիների խոշտանգման տեսագրությունները տեղադրվել են ադրբեջանական սոցիալական կայքերում:

Եվ հիմա մենք հասկանում ենք, որ պատերազմի սկզբից Ադրբեջանի կառավարությունը հատուկ մեխանիզմ էր սահմանել գերեվարությունների, ծեծերի, խոշտանգումների, ոտնձգությունների և ահաբեկումների գործադրումը:

20 տարիների ընթացքում համակարգված քարոզչությունն ու ռազմականորեն սերմանված հայատյացությունը վատթարացնում են ռազմագերիների պայմանները: Հայ ռազմագերիները պահվում են անմարդկային պայմաններում՝ զրկված սննդից, ջրից, քնից և բուժումից, նրանք ամեն կերպ նվաստացվում են և ստորացվում:

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմիցս չարաշահել է իրավական ընթացակարգերը, շրջանցել միջազգային իրավունքի պահանջները և դատական կարգով հետապնդել հայ ռազմագերիներին՝ ազատազրկումը որպես պատիժ օգտագործելով:

Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողներին և քաղաքացիներին «ահաբեկիչ» պիտակավորելը միջազգային մարդասիրական իրավունքի և, առհասարակ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ, անկախ գերության օրվանից, Ադրբեջանում պահվող բոլոր հայ զինծառայողները, ներառյալ խաղաղ բնակիչները, իրենց ներկայիս կարգավիճակով ռազմագերիներ են:

Դեռևս հարյուրավոր անձինք ապօրինի պահվում են Ադրբեջանում՝ գերության մեջ: Նրանք պետք է հնարավորինս շուտ նույնականացվեն, պաշտպանվեն և հայրենադարձվեն:

Միջազգային հանրությունը և մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունները պետք է ստիպեն բռնապետ Ալիևին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին»,- ասվում է ելույթում:

Այս մասին տեղեկանում ենք 1lurer.am-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ