Արցախ

Շուշին Արցախի անբաժանելի մասն է. միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը

Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

Փետրվարի 25-ին միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի այցի կապակցությամբ։

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի եւ տարբեր ահաբեկչական խմբավորումների վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իշխանություններն անցել են ռազմական ճանապարհով արձանագրված փաստացի արդյունքների ամրագրմանը, ինչը միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։ Փաստաթղթի համաձայն՝ տվյալ քաղաքականության իրականացման գործիքներից են Ադրբեջանի նախագահի այցելությունները բռնազավթված տարածքներ, որոնցից առավել աչքի ընկնողը Ալիեւի այցն է Շուշի քաղաք, որտեղ նա աղաղակող սպառնալիքներ եւ հայ ժողովրդի հանդեպ բացահայտ ատելություն պարունակող ռազմատենչ հռետորաբանությամբ մի շարք հայտարարություններ է արել։

Հուշագրում ասվում է նաեւ, որ այդ այցերի սադրիչ եւ հրահրող բնույթն ու դրանց ուղեկցող հայտարարությունները վկայում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը խափանելու, հակամարտությունը չկարգավորված վիճակում պահելու Ադրբեջանի մտադրության մասին: «Ադրբեջանի նման ապակառուցողական եւ հանդուգն պահվածքն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը»,- նշվում է հուշագրում:

Փաստաթղթում շեշտվում է, որ Արցախի ժողովուրդն իրացրել է ինքնորոշման եւ այդ տարածքներում պետականության ձեւավորման իր իրավունքը: Ինչպես նշվում է փաստաթղթում, այս հիմնարար իրավունքի խախտումը հանդիսանում է ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում, այլեւ տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը:

Հուշագրում նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքների կարգավիճակի փոփոխմանը միտված Ադրբեջանի Հանրապետության ցանկացած օրենսդրական եւ վարչական գործողություններ՝ ներառյալ հողի եւ ունեցվածքի սեփականազրկումը, բնակչության վերաբնակեցումը օկուպացված տարածքներում եւ բռնազավթված տարածքների բռնակցումը, անվավեր են միջազգային իրավունքով եւ չեն կարող փոխել ԱՀ տարածքների կարգավիճակը: Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արդյունքում տարածքային ոչ մի ձեռքբերում չպետք է օրինական ճանաչվի:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի, այդ թվում՝ Շուշի քաղաքի ներկայիս ռազմական օկուպացիան նույնպես չի կարող փոխել դրանց կարգավիճակը: Շուշի քաղաքը Արցախի անբաժանելի մասն է ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական եւ պատմական առումներով: Այն բռնի անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է:

Հուշագրում ընդգծվում է, որ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումը, որը կվերացնի դրա հիմնական պատճառը՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքները չճանաչելու հետ, կուղղի Ադրբեջանի կողմից ռազմական ուժի ապօրինի կիրառման հետեւանքները եւ թույլ կտա վերականգնել վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի գերակայությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ