fbpx
Աշխարհ

Միջազգային տեսամարաթոնը մոտ 8 մլրդ եվրո կհավաքագրի կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման համար

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ աշխարհի մի քանի երկրների ղեկավարներ միջազգային տեսամարաթոն են կազմակերպել, որպեսզի առնվազն 7,5 մլրդ եվրո հավաքագրեն կորոնավիրուսի պատվաստանյութի և դեղամիջոցի մշակման համար։

Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական Միությունը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Ճապոնիան, Կանադան և Սաուդյան Արաբիան։ Նախաձեռնության նպատակն է առաջիկա մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում հավաքագրել նշված գումարը։

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ հարկավոր է մշակել, արտադրել և ուղարկել պատվաստանյութը աշխարհի յուրաքանչյուր անկյուն։

«Մենք պետք է ապահովենք, որ պատվաստանյութը հասանելի և մատչելի լինի բոլորի համար։ Այդ պատճառով պետք է համախմբվենք և ֆինանսավորենք այս գլոբալ նախաձեռնությունը։ Մեր առաջնային նպատակն է հավաքագրել նախնական 7,5 մլրդ եվրո կամ 8 մլրդ դոլար։ Սա այն գումարն է, որ հարկավոր է հենց հիմա՝ պատվաստանյութերի, ախտորոշման և բուժման գործընթացն առաջ տանելու համար»,- ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը խոստացել է այս նախաձեռնության համար 1 մլրդ եվրո հատկացնել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է տրամադրել 500 մլն եվրո։

Ըստ լրատվական գործակալության տեղեկությունների՝ առայժմ պարզ չէ, թե խոստացված գումարից որքանը կլինի նոր ֆինանսավորում և որքանը կկազմեն այս տարվա սկզբում պատվաստանյութի և դեղամիջոցի ստեղծման համար նախատեսված ֆինանսական հատկացումները։

Աղբյուրը՝ Reuters.

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ