fbpx
Աշխարհ
11:30 10/12/2019

Մինչև 2020-ի մարտի վերջը զինված ուժերը կհանվեն Դոնբասից․ Նորմանդական քառյակի հայտարարությունը

«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները Փարիզում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով պաշտոնական հաղորդագրություն են տրածել: Այս մասին հաղորդում է Euronews-ը։

Ամփոփիչ փաստաթղթի հիմնական կետերն են՝ «Անհապաղ միջոցներ հակամարտության գոտու իրադրության կայունացման ուղղությամբ», «Մինսկի համաձայնագրերի քաղաքական դրույթների իրականացման միջոցառումներ»:

Կողմերը հավանություն են տվել պլանին, որով նախատեսվում է մինչև 2020 թվականի մարտի վերջը հանել զինված ուժերը Դոնբասից և զինադադար հաստատել: «Նորմանդական քառյակի» ղեկավարները պայմանավորվել են հավանություն տալ Դոնբասում 30 օրվա ընթացքում նոր անցակետերի բացման շուրջը շփման խմբի համաձայնություններին: Նաև քննարկվել է մինչև 2019 թվականի վերջը ռազմագերիների փոխանակման հարցը՝ «բոլորին բոլորով» սկզբունքով:

Նաև միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, պետք է տրամադրվի կալանքի տակ գտնվող բոլոր անձանց հետ հանդիպելու լիակատար և անվերապահ հնարավորություն: Կիևի պնդմամբ՝ խոսքը վերաբերում է «ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր» մարդկանց:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ հաջորդ անգամ «նորմանդական ձևաչափով» գագաթանաժողով կգումարվի առաջիկա չորս ամսում:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ հաջորդ գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կդառնա Դոնբասում տեղական ընտրությունների կազմակերպման հարցը: Ընդհանուր առմամբ բանակցությունները տևել են 5,5 ժամ, որից 1,5 ժամը հատկացվել է Պուտինի հանդիպմանն ուկրաինացի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ