fbpx
Իրավական

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՔԿՀ-ներ, ոստիկանության բաժիններ

Հուլիսի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՄԻՊ ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, Լոռու մարզի ոստիկանության բաժիններ, ձերբակալվածների պահման վայրեր և հոգեբուժարան, այս մասին գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Լոռու մարզի ազատությունից զրկման վայրեր:

Մասնավորապես, մշտադիտարկումներ են իրականացվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի և Տաշիրի, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Տարոնի և Բազումի բաժիններում և ձերբակալվածների պահման վայրերում:

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի և սննդամթերքի ժամկետներին համապատասխանությունը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն:

Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց և հաստատությունների աշխատակիցների հետ:
Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների ղեկավարների հետ: Ամփոփված վերլուծական տեղեկանքները՝ արձանագրված խնդիրներով և դրանց լուծման առաջարկներով, կուղարկվեն իրավասու պետական մարմիններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ