fbpx
Խորհրդարան

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրվի Քրիստիննե Գրիգորյան

ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 17-ին Թագուհի Թովմասյանի նախագահությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ:

«Քննարկման առանցքում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածության հարցն էր: Առաջադրված թեկնածուն Քրիստիննե Գրիգորյանն է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները՝ նշելով, որ նա ունի երկար տարիների մասնագիտական փորձառություն հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերում են օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ ըստ Սահմանադրության՝ ՄԻՊ թեկնածու կարող է լինել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը և հարցրել է, թե ինչպե՞ս է որոշվել, որ այդ անձը հենց Քրիստիննե Գրիգորյանն է: Արձագանքելով Արեգնազ Մանուկյանին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ հեղինակություն ունենալը չափանիշ է, որի գնահատականն ընտրության միջոցով կտա Ազգային ժողովը:

Քրիստիննե Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար, նշել է, որ մեր երկրում ՄԻՊ ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել և այսօր կայացած հաստատություններից է: Թեկնածուի խոսքով՝ այդ ինստիտուտի կայացման գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել նախկին օմբուդսմեններ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը ու այժմ պաշտոնավարող ՄԻՊ Արման Թաթոյանը:

Քրիստիննե Գրիգորյանի կարծիքով՝ անվտանգային հարցերում անհրաժեշտ է ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքը՝ հետևողականորեն առաջ մղելով սահմանամերձ գոտու ստեղծման ու խաղաղ բնակչության բնականոն կյանքի վերականգնման ու պահպանման գաղափարները:

Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ