fbpx
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին ընդունել է մեր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը և բարձր գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման և թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման առումով: Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարևորագույն հարցն այս համատեքստում շարունակում է մնալ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք և վստահություն հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի ի կատար ածվի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը:

Խորհրդարանի խոսնակն ընդգծել է նաև որ եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Դեսպան Կոպիրկինն իր խոսքում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված հումանիտար կենտրոնի, ինչպես նաեւ ռուս խաղաղապահների կողմից իրականացվող աշխատանքները: ՌԴ դեսպանն իր հերթին նշել է, որ հիմնախնդրի ամբողջական կարգավորման, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ երկու երկրների խորհրդարանների՝ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համագործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ